«ՀՅԴ-ն Փաշինյանին հասկացնում է, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ եւ որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։
Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց եւ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։
Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։
Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում խիստ բացասաբար են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի եւ մասնավորապես Մարգարյանի նկատմամբ եւ կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։
Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: