Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ:
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր:
Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբայանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող:
Մեր տեղեկություններով՝ փոփոխությունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխարեն:
Պողոսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: «Ես ձեզ շատ հարգում եմ, ընդունում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդրադառնալ: Ես մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու եմ Սյունիքի մարզում, խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք»,- ասաց Պողոսյանը:
Մեր հստակեցնող հարցին՝ նման առաջարկ ստացե՞լ եք, Պողոսյանը մի պահ լռեց, ապա նորից պնդեց, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: