Brexit-ի համաձայնագիրն սպառնալիքի տակ է հայտնվել բրիտանացի պատգամավորների մտահոգությունների պատճառով. Մեյ
Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրն սպառնալիքի տակ է գտնվում Իռլանդիա կղզում սահմանի կարգավիճակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մտահոգությունների պատճառով: Այդ մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հղված պատասխան նամակում: Փաստաթուղթը հունվարի 14-ին հրապարակվել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի կողմից:
«Համաձայնագիրն սպառնալիքի տակ է գտնվում, քանի որ խորհրդարանը երկյուղներ ունի այն բանի կապակցությամբ, թե մենք ինչ կերպ ենք ապահովելու մեր պարտավորությունները Իռլանդիայի Հանրապետության հետ Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցում»,-նշել է նա:
Brexit-ի շուրջ գործարքի դրույթների համաձայն, Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիան եվրոպական միասնական շուկայում եւ ԵՄ-ի մաքսային միությունում կմնա Brexit-ից հետո ընկած անցումային ամբողջ ժամանակաշրջանում՝ ընդսմին բաց պահելով մուտքը բրիտանական շուկա: Այս գաղափարի հակառակորդների կարծիքով՝ դա կբերի պետության ամբողջականության խախտման:
Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը հունվարի 14-ին հրապարակել են Մեծ Բրիտանիայի վարչապետին հղված նամակը, որում պարզաբանվում են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի դրույթները բրիտանական խորհրդարանում այդ փաստաթղթի շուրջ հունվարի 15-ին նախատեսված քվեարկության նախաշեմին:
Բաց նամակում Տուսկը եւ Յունկերը ոչ մի իրավաբանական երաշխիք չեն տվել Մեյին, այլ միայն ծավալուն կերպով պարզաբանել են Բրյուսելի մոտեցումները համաձայնագրի գլխավոր չլուծված խնդրի՝ Brexit-ից հետո Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հսկողության ռեժիմի նկատմամբ, հաղորդել էՏԱՍՍ-ը: