 
                        ԵՄ-ն անկարող է հակաիրանական պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ գործարկել. Իրանի ԱԳՆ
 
                                    Եվրոպական երկրները չեն տիրապետում ֆինանսական հաշվարկների մեխանիզմի գործարկման անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը կոչված է փոխարինել SWIFT համակարգը եւ շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Մեր կարծիքով, եվրոպացիները կցանկանային ավարտել մեխանիզմի ստեղծման աշխատանքը, բայց այդ գործընթացը խիստ ձգձգվել է: Եվրոպան ցույց է տվել, որ չի տիրապետում այնպիսի քանակությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը բավարար կլինի այդ ֆինանսական կապուղին գործարկելու համար»,-Tasnim գործակալությունը մեջբերում է Ղասեմիի խոսքը: Նա հավելել է, որ «ԵՄ-ն մշտապես գտնվում է ԱՄՆ-ի ճնշման ներքո»:
Դիվանագետի խոսքով՝ «ամերիկացիներն ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն այդ համագործակցությանը: «Անշուշտ, մենք դժգոհ ենք եւ եվրոպացիներին հիշեցրել ենք, որ շարունակում ենք աշխատել այլընտրանքային ուղղություններով: Նրանք չափազանց երկար են աշխատում մեխանիզմի վրա, եւ մենք տեսնում ենք հարցը լուծելու նրանց անկարողությունը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        