Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը դատարանին խնդրել է հայտարարել ինքնաբացարկ

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ այսօր քննարկվում է ներկայացված երկու միջնորդություն. առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Սակայն նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։

Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ  նախագահող դատավորի և անձամբ իր միջև առկա է որոշակի կապ։
«Նախագահող դատավորի որդու հետ բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել,

համատեղ մասնակցել ենք տարբեր միջոցառումների, ջերմ ընկերական հարաբերություններ ենք ունեցել, դասընկերներ ենք եղել։ Բացի այդ, նախագահող դատավորի խնամիները կրկին մեր ընտանիքի բարեկամներն են։ Կապանը փոքր քաղաք է, և ըստ էության մենք դատավորի հետ համերկրացիներ ենք, դրա հետ կապված կա անաչառության որոշակի արտաքին տարր։

Այս ամենի արդյունքում, եթե գրավ կիրառվեր, ապա Քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ եղել է ապօրինի որոշում, այդ պատճառով էլ ներկայացրել ենք այդ փաստերը և դատարանին խնդրել հայտարարել ինքնաբացարկ»,- ասաց Ա. Օրբելյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Մարտի 1»-ի գործով ևս մեղադրյալ է, Արամ Օրբելյանը նշեց, որ այս խոսակցությունների հետ կապված որևէ ստույգ տեղեկատվություն չունի, ուստի որևէ բան ժխտել կամ հերքել չի կարող։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս