«Ռոմա» ֆիլմն արժանացել է Critics՚ Choice մրցանակի գլխավոր պարգևին
Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման հունվարի 13-ին Critics՚ Choice Movie Awards մրցանակին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Պարգեւատրման՝ թվով 24-րդ ամենամյա արարողությունը կայացել է Սանտա-Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), հեռարձակումն իրականացրել է The CW հեռուստաալիքը։
Կինոնկարը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկական ճակատագրի մասին: Կուարոնը նաեւ Critics՚ Choice-ի պարգեւ է ստացել որպես լավագույն ռեժիսոր: «Ռոմա» ժապավենը հունվարի 6-ին կրկնակի հաղթանակ է տարել «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 76-րդ արարողության ժամանակ: Այն պարգեւ Է ստացել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» կատեգորիայում, իսկ Կուարոնը հաղթել է նաեւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Critics՚ Choice մրցանակը կիսել են Գլեն Քլոուզը եւ երգչուհի Լեդի Գագան: Քլոուզը շվեդ ռեժիսոր Բյոռն Ռունգեի «Կինը» ֆիլմում (2017 թ.) մարմնավորել է նյույորքցի հայտնի գրականագետի կնոջը:
Լեդի Գագան խաղացել է «Աստղը ծնվեց» մելոդրամայում, որը պատմում է քանթրի ոճում հանրահայտ կատարողի եւ սկսնակ երգչուհու սիրո մասին: «Լավագույն դերասան» կատեգորիայում հաղթանակը շնորհել են Քրիստիան Բեյլին՝ «Իշխանություն» կինոնկարում խաղացած դերի համար: Ֆիլմում պատմվում է ամերիկացի քաղաքական գործիչ Դիք Չեյնիի մասին, որը 2001-2009 թվականներին ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում: Չեյնիի դերը կատարել է Բեյլը, իսկ նախկին նախագահին մարմնավորել է «Օսկար»-ի մրցանակակիր Սեմ Ռոքուելը: Critics՚ Choice մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ստացել է ամերիկացի Մահերշալա Ալին՝ «Կանաչ գիրք» կինոնկարում կատարած դերի համար:
ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասանուհի են ճանաչել ամերիկուհի Ռեջինա Քինգին՝ «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» կինոնկարում խաղացած դերի համար: Critics՚ Choice մրցանակը շնորհվում է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում: Այդ պրոֆեսիոնալ միավորումը բաղկացած է մոտավորապես 250 մարդուց եւ նմանօրինակ խոշորագույն կազմակերպությունն է համարվում է Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: