Բաժիններ՝

Նոբելյան դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին կոչումներից զրկել են ռասիստական արտահայտությունների համար

Կենսաբան եւ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են այն բոլոր պատվավոր կոչումներից, որոնց նա արժանացել է ավելի վաղ իր գլխավորած Cold Spring Harbor լաբորատորիայում: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է կազմակերպության կայքում:

Այդ որոշման պատճառ են դարձել 90-ամյա գիտնականի ռասիստական արտահայտությունները նեգրոիդ ռասայի մարդկանց ինտելեկտուալ անլիարժեքության վերաբերյալ, որոնք հիմնավորվում են American Masters: Decoding Watson նոր վավերագրական ֆիլմով:

«Ես , ընդհանրապես, մռայլ հեռանկարներ եմ տեսնում Աֆրիկայի համար, որովհետեւ մեր ամբողջ սոցիալական քաղաքականությունը կառուցվում է այն ենթադրյալ փաստի վրա, թե նրանց ինտելեկտի մակարդակը նույնն է, ինչ որ մերը. մինչդեռ բոլոր հետազոտությունները վկայում են, որ դա այդպես չէ»,- 2007 թվականին հայտարարել է նա The Times -ում հրապարակված հարցազրույցում, ինչից հետո զրկվել է ղեկավար պաշտոնից:

Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուոթսոնի հայացքները դատապարտելի են, չեն պաշտպանվում գիտության կողմից եւ չեն արտացոլում լաբորատորիայի դիրքորոշումը: Այս պահից կենսաբանը զրկված է մեծավաստակ ղեկավարի, Օլիվեր Գրեյսի անվան մեծավաստակ պրոֆեսորի, ինչպես նաեւ պատվավոր հոգաբարձուի կոչումներից:

2014 թվականին Ուոթսոնն աճուրդում վաճառել է Նոբելյան մեդալը, որպեսզի ստացված փողը նվիրաբերի գիտական ինստիտուտների եւ համալսարանների աջակցությանը: Ուոթսոնը ծնվել է 1928 թվականին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): 1962 թվականին Ֆրենսիս Քրիկի եւ Մորիս Հ. Ֆ. Ուիլքինսի հետ համատեղ նա ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության գծով Նոբելյան մրցանակ է ստացել ԴՆԹ-ի կառուցվածքի վերծանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս