
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։