
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավորն ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Այո, նա ինքնաբացարկ է հայտարարել: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, և նա է շարունակելու վարել դատը»,- նշեց Ալումյանը:
Հունվարի 10-ին ինքնաբացարկ էր հայտել նաև Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: