Ավստրալացի գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման պատրաստուկ են ստեղծել

Ավստրալացի հետազոտողները մշակել են մի պատրաստուկ, որն զգալիորեն դանդաղեցնում է ծերունական դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության եւ կողային ամիոտրոֆիկական համախտանիշի (ԿԱՀ) զարգացումը: Ուսումնասիրությունները շարունակվում էին 15 տարի: Այդ մասին հայտնել է Մելբուռնի ազգային համալսարանի մամուլի ծառայությունը:

«Մեր պատրաստուկը, առանց չափազանցության, հսկայական բեկում է այն հիվանդությունների բուժման գործում, որոնք կապված են նեյրոնների գործունեության կրիտիկական եւ անդառնալի խանգարման հետ: Մոտեցումը, որն արդեն իր բարձր արդյունավետությունը ցույց է տվել կլինիկական փորձարկումների ընթացքում, թույլ կտա իսկապես դանդաղեցնել հիվանդության զարգացումը եւ հրաժարվել ախտանշանների բուժման պրակտիկայից»,- պատմել է Մելբուռնում Դեմենցիայի հետազոտման կենտրոնի գլխավոր գիտաշխատող եւ գլխավոր բժիշկ պրոֆեսոր Էշլի Բուշը:

Գիտնականների խոսքով՝ նոր պատրաստուկով թերապիայի կիսամյա բուժընթացից հետո փորձարարական բուժմանը մասնակցած հիվանդների 70 տոկոսի մոտ նկատվելէ դեմենցիայի եւ նեյրոնների ոչնչացման հետ կապված եւս մի շարք հիվանդությունների զարգացման կայուն եւ զգալի դանդաղում: Դեռ ավելին, պատրաստուկն առանձին հիվանդների հնարավորություն է տվել վերադարձնել կորցրած շարժական գործառույթների մի մասը, թոքերի ակտիվությունը եւ նույնիսկ ակտիվացրել է մտածողական գործընթացները:

Պատրաստուկի կլինիկական փորձարկումների երկրորդ, ավելի ընդգրկուն փուլը կսկսվի մի քանի ամիս անց եւ կավարտվի 2019 թվականի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս