«Չգիտենք, թե որ երկրից ինչ կգա մեր գլխին». Մելիտա Հակոբյանը՝ խաղալիքների մասին
«Խանութներում պետք է փակցված լինի այն ապրանքների ցուցակը, որոնք հետ դարձնելու իրավունք ունեն կամ չունեն: Խոսքը ոչ պարենային ապրանքների մասին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նաև հավելեց. «Մենք հասանք նրան, որ հատուկ ստանդարտ մշակվեց խաղալիքները տարիքային խմբերին ու որակական հատկանիշներին համապատասխանեցնելու մասին:
Շուկայի վերահսկողության տեսչության կոլեգիայի անդամ եմ, և նախկինում, երբ այս հարցերը բարձրաձայնում էի՝ պատասխանում էին, թե՝ տեսե՛ք, այս ապրանքն ուղարկել ենք արտերկիր, ստացել ենք պատասխանը: Բայց քանի՞ հատ պետք է ուղարկենք, մենք չե՞նք կարող այդ խաղալիքներն այստեղ ստուգել, և վերջապես, եթե կա հատուկ սերտիֆիկատ, որի մեջ գրված է՝ օգտագործված են այս կամ այն ներկանյութերը, որը չի կարելի երեխային, այս կամ այն տարիքում գտնվող, ուրեմն այդ ապրանքը չպետք է վաճառվի: Պետք է խաղալիքներն ըստ տարիքային խմբերի, ասենք՝ 0-6 ամսական, 6 ամսականից 1 տարեկան, 1-3 տարեկանների համար նախատեսված լինեն, որպեսզի մարդիկ հանգիստ գնեն»:
Նա սպառողներին խնդրում է ցանկացած ապրանք գնելիս ուշադրություն դարձնել սերտիֆիկատին, տեսնել՝ այն կա՞, թե՞ ոչ:
«Ճիշտ է, հիմա ԵԱՏՄ-ի, տարբեր երկրների հետ ունենք պայմանագիր, համաձայն որոնց՝ ճանաչում ենք նրանց կողմից տրված սերտիֆիկատները, բայց ես համաձայն չեմ դրա հետ. ճանաչե՛նք, բայց ստուգենք, որովհետև չգիտենք, թե որ երկրից ինչ կգա մեր գլխին»:
Անի Կարապետյան