
Blue Origin-ը զբոսաշրջիկներին ենթաուղեծրային թռիչքի կուղարկի 2019 թվականի սկզբին

Blue Origin ամերիկյան ընկերությունը պլանավորում է զբոսաշրջիկներին New Shepard նավերով ենթաուղեծրային թռիչքների ուղարկելն սկսել 2019 թվականի առաջին կեսին, բայց դեռեւս չի որոշել տոմսի գինը: Այդ մասին հայտարարել է ընկերության ռազմավարության եւ վաճառքների գծով ղեկավար Արիան Քոռնելը:
«Մենք նպատակադրվել ենք մարդկանցով թռիզքներն սկսել 2019 թվականի սկզբին»,-նրա խոսքը մեջբերում է SpaceNews ամերիկյան հրատարակությունը: Քոռնելը հավելել է, որ ընկերությունը դեռեւս չի վաճառում ենթաուղեծրային թռիչքների տոմսեր: «Մենք դեռ չենք որոշել տոմսի գինը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ New Shepard նավով ենթաուղեծրային թռիչքները հասանելի կլինեն ոչ միայն հարուստ մարդկանց: «Մենք պատրաստվում ենք գտնել միջոցներ՝ համոզվելու, որ տիեզերք կկարողանան թռչել ոչ միայն գերհարուստները»,-պարզաբանել է Քոռնելը:
2015-2018 թվականներին Blue Origin ընկերությունը կատարել է New Shepard հրթիռակիրների ինը թեստային ենթաուղեծրային թռիչքներ, որոնց բազմիցս մասնակցել են երկու համանուն անօդաչու նավեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: