
Nikkei-ին հայտնի է դարձել iPhone-ի նոր մոդելների արտադրությունը նվազեցնելու Apple-ի պլանների մասին

Apple-ը 2019 թվականի առաջին եռամսյակում 10 տոկոսով կնվազեցնի սմարթֆոնների երեք նոր մոդելների՝ iPhone XS-ի, XS Max-ի եւ XR-ի արտադրությունը: Այդ մասին գրել է Nikkei Asian Review-ը:
Անցած շաբաթ Apple-ի բաժնետոմսերն Էժանացել են վերջին 16 տարվա ընթացքում շահույթի կանխատեսման առաջին իջեցման պատճառով: Ընկերության ղեկավար Թիմ Քուքը հունվարի 2-ին նշել է, որ iPhone-ի վաճառքները, այդ թվում՝ Չինաստանում, սպասումներից թույլ են եղել, եւ վերլուծաբաններն անհանգստանում էին սմարթֆոնների արտադրության ավելի զգալի կրճատումից:
Nikkei-ի աղբյուրների խոսքով՝ դեկտեմբերին Apple-ը երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ մատակարարներին խնդրել է նվազեցնել համալրող մասերի եւ iPhone-ների թողարկումը: Հրատարակության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ընդհանուր առմամբ iPhone-ի արտադրությունը կարող է նվազել մինչեւ 40-43 միլիոն՝ ավելի վաղ սպասվող 47-48 միլիոնից, այսինքն՝ տարեկան արտահայտությամբ ավելի քան 20 տոկոսով:
Apple-ը չի մեկնաբանում արտադրության ծավալների կանխատեսումների վերաբերյալ հաղորդագրությունները: Դրա հետ մեկտեղ, Apple-ի նոր գնահատումների համաձայն, նրա հասույթն առաջին ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է դեկտեմբերի 29-ին, կազմել է մոտավորապես 84 մլրդ դոլար: Ավելի վաղ ընկերությունում այդ ցուցանիշը կանխատեսել են 89-93 մլրդ դոլարի մակարդակում:
FactSet-ի կողմից հարցված փորձագետներն ընկերության հասույթն անցած եռամսյակում գնահատել էին միջինը 91,3 մլրդ դոլարի մակարդակում: Apple-ի բաժնետոմսերը վերջին երեք ամսում էժանացել են գրեթե մեկ երրորդով, իսկ ընկերությունը կապիտալացման ցուցանիշով՝ շուրջ 702 մլրդ դոլար, առաջինից տեղափոխվել է չորրորդ հորիզոնական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: