Մհեր Ենոքյանի տեսանյութը հասարակության մոտ ատելություն է առաջացրել. Հոգեբան
Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի քրեական գործի շուրջ ընթացող գործողությունները ևս մեկ անգամ վեր հանեցին և ցույց տվեցին Հայաստանի դատական համակարգի և համապատասխան որոշումներ կայացնելու, ինչպես նաև ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքը։
«Այս ամենը ցույց տվեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս մնում են չլուծված և անհասկանալի, հարցը ոչ միայն իրավաբանական, այլև հոգեբանական և բարոյական դաշտում է։ Սա է պատճառը, որ հասարակությունն այսպես մեծ հակազդում է տալիս»,- ասաց հոգեբանը։
Նրա բնորոշմամբ, տեսանյութերը, տպագրված նյութերը, ամեն ինչ բուռն է ազդում հասարակության վրա, հատկապես՝ Մհեր Ենոքյանի տեսանյութը, որտեղ նա խոստովանում է, որ սպանել է համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին։ Այն հասարակության մոտ առաջացրել է ատելություն։
«Ինչ վերաբերում է սպանվածի ծնողների և հարազատների արձագանքներին, ապա սա բնական բան է, ով էլ նման փաստի առաջ կանգներ, նույն ձևով էր վարվելու։ Որևէ մեկը չի կարող ընդունել, որ իր որդու սպանողին հանկարծ ազատեն։ Սա իր մեջ նաև վտանգ է պարունակում՝ վրեժխնդրության առումով»,- նշեց Սամվել Խուդոյանը։
Նրա դիտարկմամբ՝ անհասկանալի են այն պնդումները, որ Իոսիֆ Աղաջանովին ցանկացել են սպանել, որպեսզի դիակը ծնողներին տալու դիմաց գումար պահանջեն։
«Այստեղ անտրամաբանական բաներ կան, այսինքն՝ պարզ է, որ բուն դատն ընթացել է անբարեխիղճ ձևով և հստակ շատ հարցեր չեն բացահայտվել։ Ներման հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատապարտվածի տարիքը, բանտում անցկացրած տարիները, այդ ընթացքում նրա զարգացումը, հոգեբանական ստատուսը և այլն։ Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ ներման կամ չներման հարցը դեռևս լուծելի չէ, քանի որ շատ հարցերի պատասխաններ պետք է հստակ տրվեն։ Ներում շնորհելու արդյունքում պետք է հստակեցվի, թե ինչի համար են ներում, չտալու դեպքում՝ մերժման հիմքերը»,- ընդգծեց հոգեբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան