Բաժիններ՝

«Պայքարի այլ տարբերակներ կան, հրապարակներ կան, մարդու տան մոտ են բողոքում, որ մյուսներին չխանգարեն…». Հայկ Սարգսյանի հորդորը՝ ակցիայի մասնակիցներին

Հունվարի 11-ից վերսկսվել են բողոքի ակցիաները՝ ուղղված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամսվա վերջին, երբ դատարանը գրավի դիմաց փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, Էջմիածինում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները պնդում էին, որ դատարանը սխալ որոշում, է կայացրել, և Մանվել Գրիգորյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։

Այսօր ցույցի մասնակիցներն արդեն փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը և պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանին կալանավորեն։ Նրանք ոստիկաններին զգուշացրեցին՝ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ ճանապարհը չեն բացելու։

Ցուցարարներից մեկը հայտարարեց. «Նախկին ռեժիմից ով կա, մեր ձեռքից չի պրծնելու», ինչին հետևեց հավաքվածների պատասխանը՝ «100 տոկոս»։

Դեպքի վայր ժամանած Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը ցուցարարներին հորդորեց բացել ճանապարհը:

«Ժողովուրդ, հասկանում եմ զայրույթն ու բողոքը, բայց սա հարցի լուծման ձև չէ։ Ինչքան որ Էջմիածինը տուժել է Մանվելի պատճառով, նույն ձեր այս գործողությունների հետևանքով շարունակում է տուժել, ինչն անթույլատրելի է, ժողովուրդ ջան։ Պայքարի այլ տարբերակներ կան, հրապարակներ կան, լուռ ակցիաներ կան, մարդու տան մոտ են բողոքում, որ մյուսներին չխանգարեն»,- ասաց Հ. Սարգսյանը։

Նա բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց միասին շարժվել Էջմիածին և բոլոր հարցերը մանրամասն քննարկել.

«Պայքարի այս ձևը ոչ արդյունավետ է, և այստեղ սադրանք եմ տեսնում»,- ընդգծեց Հ. Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցները զայրացան այս խոսքերից և նշեցին, որ իրենց պայքարն արդարադատության դեմ է։

Չնայած այս հորդորներին, օդանավակայան տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս