Բախում ոստիկանների և ճանապարհը փակած Էջմիածինցիների դեմ. ինչ է կատարվում Երևան-Էջմիածին մայրուղում
Ոստիկանների եւ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստների միջեւ բախում է տեղի ունեցել։ irakanum.am-ի փոխանցմամբ՝ ցուցարարներն անտեսելով ոստիկանների պահանջը փակել են օդանավակայան տանող ճանապարհը։
Մի քանի տասնյակ ակտիվիստ նստել է ճանապարհի բանուկ հատվածին եւ վեր պարզել ձեռքերը։
Քաշքշուկ է սկսվել, ակցիայի մասնակիցները չեն ցանկանում բացել ճանապարհը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: