Ինչո՞ւ են մարդիկ հիվանդանում
Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ հիվանդությունները լինում են մի քանի պատճառներով: Մարդը կարող է հիվանդանալ անբարենպաստ եղանակի կամ օրգանիզմի ֆունկցիաների խախտումների պատճառով: Սակայն հիվանդությունը մարդուն շատ հաճախ տրվում է այն ժամանակ, երբ վերջինս հեռանում է Աստծուց:
Ցավն ընդհանրապես սթափեցնող միջոց է: Շատ հաճախ տառապանքը, ցավը, փորձությունը դառնում են Աստծուն գտնելու միջոցներ, որոնք տրվում են Աստծո թողտվությամբ: Ինչպես Հոբի օրինակով գիտենք, Աստված ինքը չի փորձում, սակայն իր վերահսկողության ներքո թույլ է տալիս, որ փորձիչը գործի: Այդ կերպ մարդը ենթարկվում է հավատքի, հոգու զորության քննության: Բոլոր հիվանդությունները չեն, որ մեղքի հետևանք են, սակայն այն հիվանդությունները, որոնք Աստծուց հեռացած լինելու արդյունք են, կարող են բուժվել աղոթքով:
-Արդյո՞ք հիվանդությունները մեղքի արդյունք են
-Ավետարանում մի հատված կա, որտեղ աշակերտները հարցնում են Հիսուսին ի ծնե կույրի մասին , թե՝ Տե՛ր, ի՞ր, թե՞ ծնողների մեղքի պատճառով է, որ այս մարդը կույր է: Հիսուս պատասխանում է՝ Աստծո փառքի համար:
Բոլորիս համար էլ կա փակ մի ճանապարհ, ինչպես կույրի համար` տեսողությունն է: Կույրը մեղավոր չէ, ծնողներն էլ մեղավոր չեն, սակայն նա տարբեր է բոլորից կույր լինելու իր առանձնահատկությամբ, որպեսզի նրա հանդեպ շրջապատի վերաբերմունքով բազմանա Աստծո փառքը: Ի ծնե կույրի համար տեսանելի աշխարհը մի իրողություն է, որը միայն ներքին զգացողությամբ է ընկալելի: Ի ծնե կույրը չի տառապում այն մտքից, որ չի տեսնում, թե որքան գեղեցիկ են ծաղիկները, որքան կանաչ են ծառերը, ինչպես որ տեսնողները չեն տառապում այն մտքից, որ ապագան գուշակելու ընդունակություն չունեն:
Բոլորս էլ ունենք տեսողություն, սակայն քչերս ենք, որ իսկապես արժևորում, կարևորում ենք աստվածային այդ հրաշալի պարգևը:
-Հիվանդությունն արդյո՞ք փորձություն է և Աստծուն գտնելու համա՞ր է տրվում
-Ցավոք, երբեմն ցավն է լինում ճանապարհը, որ մեզ ուղեկցում է դեպի Աստված: Աստված տարբեր միջոցներով է կանչում իր արարածներին` գտնելու, տեսնելու, ճանաչելու Իրեն: Հիվանդության այն տեսակը, որն Աստծուց հեռանալու պատճառով է հանդիպում մարդուն, տրվում է որպես կանչ, որպես կոչ` վերջապես վերև նայել և ցավերի ամոքումն իրական Բժշկի մեջ գտնել:
-Ինչու՞ բոլոր մարդիկ չեն բժշկվում նույն կերպ:
-Քանի որ կյանքը պետք է ընկալել իր ամբողջության մեջ` հանդերձյալ, այսինքն` հավիտենական կյանքն էլ դիտարկելով, ապա պետք է հասկանանք, որ Աստված մեզանից ավելի լավ գիտի` ի՞նչն է լավ կամ ի՞նչը վատ մեզ համար:
Աղոթքով, հավատքի ուժով բժշկությունների բազմաթիվ օրինակներ կան և կլինեն: Բժշկությունն էլ մի գիտություն է, որը տրված է Աստծո կողմից` դարմանելու համար մարդկանց վերքերը: Հիվանդություններ կան, որոնց բուժման համար պետք է դիմել նաև բժիշկների միջամտությանը: Բայց, եթե անկախ բոլոր ջանքերից, հիվանդը չի ապաքինվում և մահանում է, պետք է մտքով տեղափոխվել հանդերձյալ աշխարհ և մտածել այն մասին, թե որտեղ, ինչ կարգավիճակում է հիմա նա և ոչ թե ըմբոստանալ Տիրոջ դեմ այն բանի համար, որ երկրի վրա զրկվեցինք մեր սիրելիի ներկայությունից:
Ամեն դեպքում, Աստծո նախախնամությամբ հաստատված օրենքների շրջանակում է տեղի ունենում ամեն ինչ:
-Դրախտում հիվանդություններ կայի՞ն:
-Դրախտը երանավետ վիճակ է: Իսկ երանությունը հիվանդության հետ անհամատեղելի է:
Հարցերին պատասխանեց Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը