Հալեպի մալուխի գործարանը վերսկսել է արտադրանքի թողարկումը
Սիրիայի Հալեպ քաղաքում էլեկտրասարքավորումների արտադրության գործարանը վերսկսել է աշխատանքը պատերազմով պայմանավորված երկարատեւ պարապուրդից հետո: Այդ մասին լրագրողներին պատմել է գործարանի տնօրեն Աբդուլաթիֆ Նաասանը:
«Կորուստներն, իհարկե, շատ մեծ են՝ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ նյութական, ե՛ւ կադրային, բայց գլխավորն այն է, որ մենք առաջվա պես թողարկում ենք էլեկտրամալուխներ եւ լարեր. դա այն է, ինչն այժմ շատ է հարկավոր Սիրիայում, տարեկան թողարկվում է 1,4 հազար տոննա, մինչդեռ նախքան պատերազմը մենք գրեթե նունքան արտադրում էինք յուրաքանչյուր ամիս»,-հայտնել է Նաասանը:
Տնօրենն ընդգծել է, որ ներկայում վերականգնված է երկու արտադրամաս եւ պահեստը: Նա հիշեցրել է, որ մինչեւ պատերազմն այստեղ աշխատում էր մոտավորապես 400 մարդ, իսկ այժմ՝ ընդամենը 120: Ձեռնարկության գլխավոր խնդիրներից մեկը, ինչպես պատմել է Նաասանը, մնում են հին սարքավորումները՝ այստեղ աշխատող հաստոցներն ու էլեկտրոնիկան այն մասով, որը զինյալների կողմից չի թալանվել որպես գունավոր մետաղների ջարդոն վաճառելու համար, մոտավորապես 30 տարի առաջ են գնվել Եվրոպայում եւ դրանց համալրող մասերը գտնել հնարավոր չէ, իսկ նորերն անկարել է ձեռք բերել այն պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են երկրի նկատմամբ:
Գործարանի արտադրանքը գլխավորապես իրացվում է ներքին շուկայում, ընդգծել է ձեռնարկության կառավարիչը: Ձեռնարկության հումքը մատակարարվում է Չինաստանից եւ Եգիպտոսից: Արտաքին շուկաներից, որոնք հետաքրքրված են սիրիական էլեկտրասարքավորմամբ, ձեռնարկության տնօրենը նշել է Հնդկաստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: