Ցանցում հրապարակել են Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնի վերջին երգը
Linkin Park ռոք-խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի վերջին աշխատանքներից մեկը դարձել է նրա երկրպագուների սեփականությունը: Այս շաբաթ Lamb Of God խմբի կիթառահար Մարկ Մորթոնը YouTube տեսահոսթինգում զետեղել է Cross Off համատեղ սինգլը, որը ձայնագրվել էր Բենինգթոնի մահվանից երկու ամիս առաջ։
«Նա օժտված էր այնպիսի ձայնով, որը մեկ անգամ է հանդիպում մի ամբողջ դարաշրջանի ընթացքում: Նրան անկարելի է որեւէ մեկի հետ շփոթել,-հայտարարել է Մորթոնը Beats 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:-Դա պարզապես աստծո պարգեւն է»:
Սինգլը ներառված է Anesthetic ալբոմում, որը վաճառքի կհանվի մարտի 1-ին: Ալբոմում նաեւ տեղ են գտել Papa Roach խմբի վոկալիստներ Ջեքոբի Շեդիքսի եւ Lamb Of God-ի Ռենդի Բլայթի, Guns N’ Roses-ի նախկին կիթառիստ Սլեշի, Alter Bridge-ից Մայլզ Քենեդիի եւ այլ երաժիշտների համատեղ երգերը:
41-ամյա Բենինգթոնին 2017 թվականի հուլիսի 20-ին մեռած գտել են Լոս Անջելեսի մերձակա Փալոս-Վերդես-Էսթեյսում գտնվող իր տանը:
Linkin Park-ը հիմնվել է 1996 թվականին: Խումբը Grammy հեղինակավոր մրցանակի է անվանակարգվել վեց անգամ եւ երկու անգամ արժանացել է այդ պարգեւին: Խումբը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, որոնք տարածվել են ավելի քան 70 միլիոն օրինակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: