
Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ադրբեջանը վերջ կդնի ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, մասնավորապես, մատնանշել է սոցկայքերում արված գրառումներում ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ ծագմամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքը:
«Նախորդ տարվա ընթացքում մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որևէ պատճառաբանության, հետ ուղարկել ՌԴ»,-նշել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ ՌԴ իշխանություններն Ադրբեջանին բազմիցս հորդորել են վերջ տալ այդ պրակտիկային, քանի որ դրանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից ընդունելի չեն:
«Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են, որ կշտկվի իրավիճակը, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- հույս է հայտնել ՌԴ ԱԳՆ խոսնակը: