
Իրանի իշխանությունները հերքել են միջուկային գործարքից երկրի դուրս գալու մասին լուրերը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել է տեղական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե երկրի կառավարությունը պլանավորում է առաջիկայում դուրս գալ միջուկային գործարքից, իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շուտով պաշտոնաթող է լինելու:
«Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության եւ միջուկային գործարքից Թեհրանի մոտալուտ դուրս գալու վերաբերյալ միաժամանակ հայտնված նորությունները հիմքեր չունեն»,- հունվարի 11-ին նրա խոսքը մեջբերում է Donya E Eqtesad թերթը: Նա հավելել է, որ «նման հաղորդագրությունների նպատակը միտումնավոր ապատեղեկատվությունն է, որը վնաս է հասցնում երկրի ազգային շահերին»:
Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ «անհրաժեշտ է, որ զանգվածային լրատվամիջոցներն ավելի ուշադիր լինեն ու ձեռնպահ մնան կասկածելի նորություններ հրապարակելուց», որպեսզի «ամբիոն չդառնան Իրանի արտաքին ու ներքին թշնամիների համար»:
Հունվարի 9-ին իրանական մի շարք ինտերնետ-հրատարակություններում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Թեհրանի իշխանությունները որոշում են ընդունել դուրս գալ միջուկային գործարքից, եւ մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա Զարիֆի պաշտոնաթողությունը: Այդ տեղեկատվությունը տարածվել էր սոցիալական ցանցերի տեղական օգտատերերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: