Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում
ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն` հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/11 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը:
«Արցախգազ» ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաձայն Շուշիի արտադրաշահագործման տեղամասից ստացված տեղեկատվության` 2017թվականի մայիսի 25-ին անսարքության պատճառով վերոնշյալ բնակարանի ջրատաքացուցիչի գազամատակարարումը դադարեցվել և կնքվել է: Գազասարքի անսարք լինելու հանգամանքը ակտավորվել և գրանցվել է տեղամասային գրանցամատյանում:
Տվյալ բնակարանում երկար ժամանակ տերերը չեն բնակվել, դուռը փակ է եղել, հետևաբար տեղամասի ներտնային ցանցը սպասարկող փականագործը հնարավորություն չի ունեցել իրականացնել տեխնիկական սպասարկում:
«Արցախգազ» ՓԲ ընկերության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դժբախտ պատահարի զոհ դարձած Մուսայելյան ընտանիքը ինքնակամ բացել է կնիքը, որի հետևանքով տեղի է ունեցել ողբերգական դեպքը: