
«Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն». Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել՝ պատասխանելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:
«Նախ ասեմ, որ իմ որակումն է, որ այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլյացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն և ասեն, թե ենթադրում են, որ սա քաղաքական հետապնդում է, և այլն: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը ենթադրում է՝ Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը:
Ուրեմն, կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից թե այլ կուսակցությունից, բոլոր պաշտոնյաներն օրենքի առջև պետք է հավասար լինեն ու պատասխան տան: Չի կարող լինել մեկը, ով որևիցե ճչոցով կփորձի այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց՝ ասելով, թե իր հետևից ընկած են, քանի որ ՀՀԿ անդամ են: Պարոն Սիմոնյանը մանիպուլյացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ ընդհանրապես կապ չունեցող ինչ-որ հայտարարություններ է անում»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ ամենամեծ մանիպուլյացիաներից մեկն այն է, թե ինը միլիարդի գնումներ են ուսումնասիրվել:
«Սուտ է, մենք ուսումնասիրել ենք 2,5 միլիարդի գնումներ: Որ մի քիչ երկար թվերը գումարեն, հանեն, կստանան ավելին, քան այն, ինչ ես ներկայացրել եմ: Մենք եկամտային մասից միայն վարձակալության մասն ենք ուսումնասիրել: Վստահեցնում եմ՝ եթե ուսումնասիրությունները երկար տևեն, այդ թվերը բազմապատկվելու են: Երկար չեն տևել ուսումնասիրությունները, որովհետև ժամանակ չունենք, չենք կարող երկու տարի ԵՊՀ-ն ուսումնասիրենք ու տեսնենք, թե պետությանն ինչ վնաս է պատճառվել: Վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու ենք: Խորհուրդ կտամ, որ ոչ թե իրավաբանների դիմեն ու խորհրդատվություն ստանան, այլ ուղղակիորեն բարձր որակ ունեցող փաստաբանների, իրավաբանների, որ հետո գոնե կարողանան իրենց տեսակետը ներկայացնել: Այն, ինչ ներկայացնում են, իրականության հետ կապ չունի, իրենց սխալ խորհուրդներ են տալիս»,- նկատեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը:
Անի Կարապետյան