Էկվադորն Ասանժին առաջարկել է հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի լավ կլինի հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան:
Նրա խոսքով՝ Ասանժը երկու ելք ունի. կա՛մ անորոշ ժամանակով մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ առանց պարզորոշ հեռանկարների, կա՛մ հանձնվել իշխանություններին:
«Այս տարբերակը, ինչպես մենք ենք կարծում, ամենադրականն Է նրա համար»,- ասել դիվանագետը: Ավելի վաղ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Ասանժին առաջարկել է հեռանալ իր երկրի դեսպանատնից: Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայից ստացել է այն բանի երաշխիքներ, որ վերջինս չի արտահանձնվի որեւիցե երկիր, որտեղ նրա կյանքին ինչ-որ բան սպառնա: Չնայած դրան, WikiLeaks-ի հիմնադիրը հրաժարվել է առաջարկությունից:
Ջուլիան Ասանժն Էկվադորի դեսպանատանն է ապրում արդեն ավելի քան հինգ տարի: Այդ ընթացքում երկրի իշխանությունները նրա անվտանգության համար առնվազն հինգ միլիոն դոլար են ծախսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: