«Հեղափոխական շրջադարձն անխուսափելի է». Ուղերձ Բակո Սահակյանին և Նիկոլ Փաշինյանին
Տարիներ շարունակ և Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները ստորադասվել են Արցախի անվտագությանն ու սահմանների պահպանմանը: Թերևս 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին հայկական բանակի մարտունակությունն ու գործունակությունը: Որոշակի վերապահումներով կարելի է ասել, որ բանակն իր առաջ ծառացած խնդիրն ընդհանուր առմամբ կարողացավ լուծել:
Իսկ կարողացե՞լ է նույնն անել նաև հայկական դիվանագիտությունը: Մեր համոզմամբ՝ միանշանակ ոչ: Եթե այսօր, ռազմական առումով բավականաչափ տեղեկատվության չտիրապետելով, մենք իրավասու չենք դատել այն մասին, թե մեր բանակն արդյո՞ք անհապաղ պետք է անցներ լայնածավալ հակահարձակման, թե՞ ոչ, ինչպես նաև չենք կարող ասել, թե ե՞րբ է դրա ճիշտ պահը, ապա դիվանագիտության առումով՝ կարող ենք վստահորեն պնդել. հակահարձակումը դիվանագիտական ճակատում պետք էր վաղուց կայանար:
Միակ բանը, որին ապրիլյան պատերազմի օրերին ականատես եղանք՝ դա ժողվրդի միասնական կամքի դրսևորումն էր և դիվանագիտական նախաձեռնությունների լիակատար բացակայությունը՝ հնչեց վաղուց սպասված մի գաղափար, որն այդպես էլ տրամաբանական շարունակություն չունեցավ: Խոսքը ՀՀ և ԱՀ միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման մասին է:
Այն, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման թեման հատկապես վերջին շրջանում չափազանց հաճախ է դառնում տարբեր միջազգային վերլուծաբանների և փորձագիտական խմբերի դիտարկման առարկա, իսկ Հայաստանում օտարերկրյա դեսպաններն էլ բավական հաճախ են սկսել խոսել ստատուս-քվոյի պահպանման անհնարինության մասին, խոսուն կերպով վկայում է համաշխարհային ուժային կենտրոնների միջև հետզհետե սրացող մրցակցության մասին: Հարցը միայն այն է, թե ո՞ր գերտերությունը ավելի ճարպիկ ու հմուտ կգտնվի՝ ստեղծված իրավիճակն իր շահերին ծառայեցնելու, ասել է թե՝ հակամարտության վերահսկողության լծակներն իր ձեռքում կենտրոնացնելու համար:
Իսկ ի՞նչով են զբաղված մեր երկու հանրապետությունների արտաքին հարաբերությւնների գերատեսչությունները: Դարեր շարունակ արցախահայության ազգային ազատագրական պայքարի նպատակը եղել է պատմական Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ: Նույն գաղափարն ու նպատակն էր դրված 88-ի շարժման հիմքում: Սակայն, իրերի բերումով, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, ընդունեցինք անկախության ուղին, համարելով, որ այն ավելի լավ կընկալվի միջազգային հանրության կողմից և ավելի հեշտ կհասնենք մեր վերջնական նպատակին: Այսօր գրչի մեկ հարվածով Արցախը Հայաստանի մաս ճանաչելը, ինչպես դա արել է Ռուսաստանը Ղրիմի հետ, մեզ համար դժվար կլինի: Իսկ միայն Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումն հիմնախնդրի լուծում չէ: Նման քայլն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե ճանաչմանն անմիջապես հաջորդի Հայաստանի և Արցախի միջև կոնֆեդերատիվ միության հռչակումը :
Այդ քայլն ուղղված կլինի ՀՀ և ԱՀ իրավական վերամիավորմանը, քանի որ փաստական վերամիավորումը վաղուց է կայացել: ՀՀ-ն և ԱՀ-ն կազմում են միասնական ամբողջություն ռազմավարական, լեզվական, ֆինանսական, տնտեսական, կրոնական, էթնիկ, ժողովրդագրական, մշակութային և բոլոր այլ առումներով: Սակայն հարկ է արդեն կատարել նաև քաղաքաիրավական քայլ։ Իսկ վերոնշյալ կոնֆեդերատիվ միության ձևավորումով այդ խնդիրը կարող է լուծում ստանալ: Դրանով իրավիճակը կպարզեցվի՝ ավելի ընկալելի կդառնա և՛ մեզ, և՛ արտաքին աշխարհի համար: Իհարկե, նման փաստաթղթի վրա պետք է մանրազնին աշխատեն միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի մասնագետների փորձագիտական խմբեր: Անհրաժեշտ գործընթացներ սկսելու համար նախ և առաջ պետք է Հայաստանում և Արցախում հնարավորինս արագ տեմպերով կատարվեն համակարգային փոփոխություններ, որ երկու հանրապետությունները գործեն մեկ միասնական քաղաքական դաշտում:
Մի ժողովուրդ չի կարող ապրել երկու տարբեր համակարգերում, որը պայմաններ է ստեղծում այսպես կոչված՝ ղարաբաղցի-հայաստանցի և այլ տարբերակումների ու հակադրությունների համար, որն ամենայն հավանականությամբ որոշ ուժերի կողմից պարտադրված ապազգային մի չարիք է՝ միտված Արցախը Մայր Հայրենիքից կտրելուն, այն պատանդային կախվածության մեջ պահելուն, քաղաքական հարցերում ճնշումներ բանեցնելուն և ուղղված այլ հեռագնա նպատակների իրագործմանը: Այնպես որ ժամանակի հրամայական պահանջ է դարձել առաջ անցնել իրադարձություններից, այլ ոչ թե գնալ իրադարձությունների հետևից:
Այլապես հայաստանյան քաղաքական որոշ ուժեր ընտրություններից ընտրություն Արցախը կրկին կդարձնեն շահարկման առարկա, իսկ արցախյան որոշ կուսակցություններ իրենց հայտարարություններով կրկին կհրահրեն հայաստանցի – ղարաբաղցի ֆեյսբուքյան անողոք պայքար, որին կմասնակցեն նաև արցախյան իշխանավորներ և պատգամավորներ:
Փոխարենը պետք է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորումը, զերծ մնալով պարտվողական մոտեցումից: Ձևաչափը պետք է շարունակվի Մինսկի խմբի շրջանակներում, բայց հստակ ձևակերպված նոր օրակարգով, որտեղ Արցախն օժտված լինի որոշիչ ձայնով և վետոյի իրավունքով:
Մենք հստակ պետք է հայտարարենք,որ Արցախի հիմնախնդիրը ամենևին էլ տարածքային վեճ չէ, այլ Արցախի բնակչության կյանքի եւ գոյության խնդիր :Արցախում 150000 կյանք կա և Արցախից դուրս ապրող առնվազն 1.5 միլիոն արցախահայեր, որոնց նախնիները տասնյակ հազարավոր տարիներ այստեղ են ապրել, նրանց օրրանն այստեղ է, ապագան՝ այստեղ: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ մարդկային ռեսուրսի պահպահմանը, հայրենադարձմանը և զարգացմանը:
Արցախի «Արդարություն» կուսակցություն
11.01.2019թ.