«Լևանտե»-«Բարսելոնա». Կլինի՞ ռևանշ
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղերից մեկում «Լևանտեն» կփորձի վրեժխնդիր լինել «Բարսելոնայից»՝ վերջերս առաջնությունում սեփական հարկի տակ կրած 0:5 հաշվով պարտության համար:
«Լևանտե»
«Լևանտեն» այս տարի աչքի չի ընկնում ստաբիլ արդյունքներով: «Գորտերը» Իսպանիայի ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն է, սակայն հաճախ են միավորներ կորցնում պաշտպանական գծում թույլ խաղի պատճառով:
Առաջնության վերջին տուրում ևս Պակո Լոպեսի սաները չկարողացան հաղթանակ տոնել: «Լևանտեն» ոչ-ոքի խաղաց «Ժիրոնայի» հետ. թիմերը 2-ական գնդակ խփեցին: Դրանից առաջ էլ եղել էր ջախջախումը կատալոնացիներից:
Հիմա «Լևանտեն» մրցաշարային աղյուսակի մեջտեղում է:
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում Պակո Լոպեսի սաները «Լուգոյի» հետ ոչ-ոքի խաղացին առաջին խաղում՝ 1:1, իսկ տանը հաղթեցին 2:0 հաշվով:
«Բարսելոնա»
Կատալոնական ակումբը վերջին տուրում հաղթեց «Խետաֆեին» 2:1 հաշվով և ամրապնդեց իր տեղը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Դրան նպաստեց նաև այն փաստը, որ կատալոնացիների մոտակա մրցակիցները ոչ-ոքի խաղացին: Այս պահին կատալոնական ակումբը 2-րդ հորիզոնականին գերազանցում է 5 միավորով:
«Կապտանռնագույնները» հիմա շատ լավ մարզավիճակում են: Նրանք հաղթել են վերջին 5 խաղերը անընդմեջ՝ դրանցից 4-ում գնդակ բաց չթողնելով:
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում կատալոնացիները 2 անգամ հաղթեցին «Լեոնեսին» 1:0 և 4:1 հաշիվներով:
«Բարսելոնան» հաղթել է «Լևանտեին» վերջին 10 խաղերից 8-ում: Սակայն, այս խաղում երկու թիմերն էլ դժվար թե ներդնեն իրենց բոլոր ուժերը: Մի քանի օրից «Լևանտեն» բարդ հանդիպում է անցկացնելու «Ատլետիկոյի» հետ, իսկ կատալոնացիները հանդիպելու են «Էյբարին»:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 00:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան