Բաժիններ՝

«Կներեք, ես մի քիչ էս ընթացքում բան եղա, ճնշումս բարձրացավ մի քիչ». Նիկոլ Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանի հայտնած «օդից կախված» լուրերի մասին

Այսօր կառավարության նիստում բավականին երկարատև քննարկում ծավալվեց երեխաների որդեգրման խնդրի շուրջ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակներ է ստանում, որ որդեգրման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան, թեև հասկանալի է, որ հարցը նուրբ է: Նա հետաքրքրվեց, թե քայլերի ի՞նչ հերթականությամբ է որդեգրում իրականացվում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց, որ որդեգրման համար քաղաքացիները պետք է դիմեն մարզպետարաններ կամ քաղաքապետարաններ, դրական եզրակացություն ստանալու դեպքում հաշվառվում է, նախարարությունում վարվում է կենտրոնացված հաշվառում. այսօր որդեգրման ենթակա 300 երեխա կա, և 140 հայ ընտանիք ու 47 օտարերկրյա ընտանիքներ ցանկանում են որդեգրել, ընդ որում՝ օտերկրացիները համաձայն են հաշմանդամ երեխա որդեգրել, իսկ հայերը հիմնականում առողջ երեխա են ուզում որդեգրել:

Ն.Փաշինյանը համաձայնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ, որ որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկատվության հասանելիության հարցում կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե հարցը չափազանց նրբազգաց է. «Բաներ կան, որ կարելի է բարձրաձայնել, բաներ կան, որ պետք է ավելի բան միջավայրում պետք է քննարկվի»:

«Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ, պարոն վարչապետ, և ես իմ գործունեության վերջին մի քանի ամիսներին փորձել եմ համառորեն էդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չի և շատ մոտ ա ամեն ինչ բացահայտվելուն, բայց այդպես էլ չեմ կարողացել վերջնարդյունք գրանցել»,- ասաց Ա.Միրզոյանը:

Ընդ որում, ըստ նրա, որդեգրման ոլորտում շրջանառվող գումարները միայն «այսբերգի գագաթն» է, շատ ավելի ցավալի իրողություն կա՝ երեխաների օրգանների վաճառք, այդ թվում՝ արտասահման որդեգրվող:

Նա հայտնեց, որ արդարադատության նախարարի հետ այցելել են ստուգելու, մինչ օրս որևէ դեպք չի բացահայտվել, եղածը գոհացուցիչ է, բայց շարունակաբար հիմնավոր, թե անհիմն կասկածներ կան, որ 3 ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները հայտնի են վատ առումով, և կարող է որդեգրված երեխան զրկվի, օրինակ, մի երիկամից, այդպիսի դեպքեր կան աշխարհում:

«Այդպիսի դեպք է գրանցվե՞լ»,- հարցրեց Ն.Փաշինյանը:

«Չէ, էդ եմ ուզում ասել, որ էսպես ձևակերպեմ՝ օդում կախված համառ լուրեր կան, որ էսպիսի բաներ կան»,- պատասխանեց Ա.Միրզոյանը:

«Դրանք շատ զգայուն թեմաներ են, կներեք, ես մի քիչ էս ընթացքում բան եղա, ճնշումս բարձրացավ մի քիչ»,- ասաց Փաշինյանը:

Ա.Միրզոյանը հայտարարեց, թե ուզում է ասել, որ այստեղ լրջագույն վերահսկողության կարիք կա, որ հանկարծ այդ ռիսկերն իրականություն չդառնան:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո.

«Մինչ օրս ՀՀ-ից, որ երեխա որդեգրեն և օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, և մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս