
«Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքին ու կազմին: Նա հիշեցրեց, որ նախընտրական խոստում էին տվել՝ փոխել կառավարության կառուցվածքը, և նախարարությունների թիվը պետք է կրճատվի:
«Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա շեշտեց, որ այս պրոցեսի նպատակն ամենևին փող խնայելը չէ, այլ կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելն է և դա միակ նպատակն է, որ արժե ձևակերպել:
«Այս առումով իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում, մենք կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել այս թեմայով տարբեր ֆորմատներով, 2 օր առաջ նույնիսկ ամբողջ կառավարության ֆորմատով, և դեռ էլի քննարկումներ կունենանք: Եվ մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա նշեց, որ կլսեն բոլոր տեսակետները և կկայացնեն անհրաժեշտ որոշում:
Ն.Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձավ Սփյուռքի նախարարության խնդրին.
«Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Ընդհակառակը՝ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ գործակցությունը դարձնել առավել արդյունավետ, և այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի: Եվ այդ մոդելի վերաբերյալ մենք առաջիկայում քննարկումներ կունենանք նաև սփյուռքի մեր հայրենակիցների հետ և, հույս ունեմ՝ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի»:
Ն.Փաշինյանը նշեց, որ կգնան հետևողական, հաստատուն և մտածված քայլերով և արձանագրված լուծումները կապացուցեն իրենց կենսունակությունը և պետք է գոհացնեն այն մարդկանց, որոնք մտահոգ են ՀՀ-ում կառավարման արդյունավետության բարձրացման գործընթացով: