Տոնական օրերին ՃՏՊ-ների զոհերի թիվը նվազել է. ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ոստիկանությունում հունվարի 8-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, մասնակցել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը՝ այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար:
Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու տոնական օրերի ծառայությունը ոստիկանության պետը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց, քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք զոհերի թվի նվազում:
Վալերիյ Օսիպյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով ու շարունակել բարեխիղճ ծառայությունը: Հրաման տրվեց հանդուրժողականություն չցուցաբերել ոչ մի օրինախախտի նկատմամբ, քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին բացառել շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը, բարձրացնել հաշվառման-քննական ստորաբաժանումներում ծառայության որակը, կանոնակարգել հերթերը, ճանապարհապարեկային ծառայությունը առավել հաճախ կազմակերպել այն վայրերում, որտեղ լինում են եղանակային վատ պայմաններ, օգնել ու աջակցել վարորդներին:
Ոստիկանության պետը ևս մեկ անգամ խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և նշեց, որ ծառայությունը հաճախ ստուգվելու է:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված այլ հարցեր»: