Բաժիններ՝

Ուկրաինան առաջիկա տարիներին չի կարողանա անդամակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին. Կլիմկին

Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

«Ուկրաինան այնպիսին, ինչպիսին այսօր է, ո՛չ մեկ տարում, ո՛չ երկու, ո՛չ հինգ տարում չի մտնի Եվրամիություն, ինչպես եւ ՆԱՏՕ»,-հայտարարել է նա «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանը «միջնաժամկետ հեռանկար» ունի:

«Եթե ձեզ որեւէ մեկն ասի, որ մենք մեկ կամ երկու տարի հետո կանդամակցենք, երբեք մի հավատացեք: Դա զուտ դատարկաբանություն է եւ մոլորություն: Բայց եթե ինչ-որ մեկն ասի, որ դա առնվազն 30 տարվա գործ է, ապա նույնպես մի հավատացեք: Որովհետեւ փորձը հակառակն է ցույց տալիս»,-հավելել է Կլիմկինը: Ուկրաինայում 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո հռչակվել է եվրատլանտյան ինտեգրման կուրսը:

Այդ քաղաքականության շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել Ուկրաինայի եւ ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագիրը, որը կարգավորում է Ուկրաինայի եւ Եվրամիության երկրների աստիճանական տնտեսական եւ քաղաքական մերձեցումը, 2016 թվականի հունվարի 1-ից գործում է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պարբերաբար հանդես Է գալիս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հայտարարություններով:

Այդ ձգտումների իրագործման համար նա ընթացիկ տարվա նոյեմբերին Գերագույն ռադա է մտցրել Սահմանադրության մեջ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի ինտեգրացման ռազմավարական ուղեգծի ամրագրման մասին օրինագիծը, որն արդեն խորհրդարանի կողմից հավանության է արժանացել առաջին ընթերցմամբ: Դրա հետ մեկտեղ դեռ 2016 թվականին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Ուկրաինան «ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ չի կարողանա դառնալ առաջիկա 20-25 տարում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս