Ինչո՞ւ ենք մենք Աֆղանստանում, հարց, որի պատասխանը Թրամփը չի հասկանում
Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկացի գեներալներին 19 տարվա ներգրավվածությունից հետո Աֆղանստանում թալիբներին վերջնականապես պարտության չմատնելու համար: Թրամփն ասել է, որ գեներալներին տրվել են «այնքան գումարներ, որքան նրանք ցանկացել են», սակայն նա թերի է գնահատել իրականացրած աշխատանքը Աֆղանստանում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Վերջին զեկույցներն այն մասին, որ ԱՄՆ-ը նախատեսում է կրճատել իր զորախումբը Աֆղանստանում մտահոգությունների առիթ է տվել, որ դա կթուլացնի Քաբուլի բանակցային դիրքերը: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը հարցականի տալ է առնում ամերիկյան զորքերի ներկայությունն այդ երկրում:
«Ինչո՞ւ Ռուսաստանն այնտեղ չէ: Ինչու՞ Հնդկաստանը, Պակիստանն այնտեղ չեն: Ինչու՞ ենք մենք այնտեղ: Մենք 6000 մղոն հեռու ենք այնտեղից»,- ասել է նախագահ Թրամփը:
Նախագահն ընդգծել է, որ Խորհրդային Միության ռազմական գործողությունները Աֆղանստանում 1980-ականներին հիմնավորված էին, քանի որ ահաբեկիչները ներթափանցում էին ԽՍՀՄ-ի տարածք: Սակայն, ըստ նախագահի, այդ պատերազմը բանկրոտի ենթարկեց խորհրդային երկիրը և հանգեցրեց դրա կործանման: Նա դժգոհ է ամերիկյան բանակի այնտեղ իրականացրած աշխատանքով:
«Պաշտպանության նախկին նախարար գեներալ Մաթիսը շնրհակալ էր իրեն 700 միլիարդ դոլար տրամադրելու համար: Նա շնորհակալ էր նաև, երբ ես իրեն տրամադրեցի 716 միլիարդ դոլար այս տարվա համար: Սակայն ինչպե՞ս նա վարվեց, ի՞նչ արեց նա Աֆղանիստանում: Նրա գործն այնտեղ թերի էր»,- ասել է Թրամփը:
Նա քննադատության ենթարկեց նաև ընդհանուր ամերիկյան ռազմավարությունը Աֆղանստանում:
«Կան տարածքներ, ուր, ինչպես տեղեկացրել են ինձ մեր գեներալները, թալիբներն ու Դաեշ-ը կռվում են միմյանց դեմ: Ես ասացի, թե ինչու թույլ չեք տալիս, որ նրանք պատերազմեն իրար հետ, ինչու՞ եք խառնվում: Թող պատերազմեն: Նրանք երկուսն էլ մեր թշնամիներն են»,- հայտարարել է նախագահը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմական ծրագրերը չեն հանրայնացվի, որպեսզի թշնամին չիմանա այդ ծրագրերի մասին:
Անցած ամիս ամերիկյան պաշտոնյաները հանդիպել են թալիբների ներկայացուցիչների հետ Միացյալ Արաբական Էմիրությունում՝ խաղաղ բանակցային գործընթացը քննարկելու համար: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի խոսնակը հայտարարել է, որ այսպիսով լավ հնարավորություն է ստեղծված խաղաղություն հաստատելու համար:
«2019 թվականը հատուկ և ուրույն հնարավորություն է ստեղծել Աֆղանստանի համար: Մենք ականատես եղանք խաղաղ բանակցային առաջընթացին, իսկ աֆղաններն ու թալիբները իրական հնարավորություն ունեն խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է զորքերի խոսնակ, գնդապետ Դեյվիդ Բաթլերը:
Խաղաղ պայմանագիրը կարող է դադարեցնել Աֆղանստանում արդեն 40 տարի չդադարող պատերազմը: