
Գերմանիայի պաշտպանության նախարարն ԻՊ դեմ պայքարն ավարտված չի համարում

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հակադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իրենք հաղթանակ են տոնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին նա խոսել է Rheinische Post-ի հետ զրույցում՝ նշելով, որ ահաբեկչական խմբավորումը դեռ ամբողջությամբ չի ոչնչացվել:
«Դաշնակիցների շրջանակներում կա միասնական կարծիք այն մասին, որ, ցավոք, «Իսլամական պետության» դեմ պայքարում դեռևս լիակատար հաղթանակ չի տոնվել»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում ԻՊ դեմ պայքարը պսակվել է հաջողությամբ ու հայտնել էր այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Սրա առնչությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ պաշտոնական Վաշինգտոնը մինչև հիմա որևէ մեկին չի պարզաբանել իր հետագա քայլերը: