Բաժիններ՝

Կենտրոնական բանկն ապահովում է գների և ֆինանսական կայունությունը. ԿԲ-ում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է տարեմուտի ընդունելություն

ՀՀ կենտրոնական բանկը Սահմանադրությամբ տրված լիազորությունների ներքո արդյունավետորեն ապահովում է գների և ֆինանսական կայունությունը։ Այս մասին ՀՀ կենտրոնական բանկում դեկտեմբերի 25-ին կայացած 2018 թվականի տարեմուտի ընդունելությանը նշել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ընդունելությանը մասնակցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Արթուր Ջավադյանն իր ելույթում նշել է.

«Մեծարգո վարչապետ, հարգելի հյուրեր, գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Կենտրոնական բանկի հարկի տակ տոնական այս միջոցառմանը:

Ավարտին է մոտենում 2018 թվականը, և արդեն կարող ենք ներկայացնել անցնող տարում Կենտրոնական բանկի հիմնական նպատակների՝ գների և ֆինանսական կայունության ապահովման նախնական պատկերը:

Կենտրոնական բանկը 2018 թվականի ամբողջ ընթացքում վարել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն՝ համաշխարհային տոկոսադրույքների բարձրացման ֆոնին անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:Մեր գնահատականներով՝ տարին կավարտենք նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր գնաճով, ինչը շատ կարևոր է գնաճային սպասումների խարսխման, նաև՝ բնակչության եկամուտների գնողունակության պահպանման առումով:

2018 թվականին, գների կայունության հիմնական նպատակին զուգահեռ, ֆինանսական կայունությունը ևս դարձավ Կենտրոնական բանկի հիմնական նպատակ: Սա ներկայիս աշխարհի զարգացումների հրամայական է, և Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ տրված լիազորությունների ներքո արդյունավետորեն ապահովում է գների և ֆինանսական կայունությունը:

Այս միջավայրն է հնարավորություն տվել ֆինանսական համակարգին 2018 թվականի ներքաղաքական իրադարձությունների պայմաններում ցուցաբերել ճկունություն և ապահովել կայուն զարգացման միտումներ: Համակարգի խոշորագույն մասնակից բանկերն ապահովել են վարկերի և ավանդների էական աճ: Վարկավորման աճի տեմպերը բարձր են եղել ինչպես սպառողական ու հիփոթեքային, այնպես և արդյունաբերության ու շինարարության ոլորտներում: Բանկային համակարգը բավարար իրացվելի է, կապիտալացված և ունակ սպասարկելու տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս տարին կամփոփեն հիմնական ցուցանիշների աճերով:

Տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը շարունակվում է ընդլայնվել: Շարունակվում են պահպանվել ֆինանսական ծառայությունների հասանելիության և վարկերի ժամկետայնության աճի, ինչպես նաև տոկոսադրույքների նվազման միտումները, ինչը ֆինանսական համակարգում մրցակցության խորացման արդյունք է: Տնտեսության առաջնահերթ նշանակության ոլորտներում վարկավորման հասանելիության բարձրացման նպատակով Կենտրոնական բանկը համագործակցում է Կառավարության, միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ:

Այս տարի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացվեց ֆինանսական համակարգի գնահատման ծրագիր, որի ամփոփված արդյունքների համաձայն՝ ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացներն համապատասխանել են Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Տարին հոբելյանական էր պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Այս տարի դրամաշրջանառության մեջ մտան լավագույն պաշտպանական հատկանիշներով տպագրված երրորդ սերնդի թղթադրամները, որոնք որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն: Մեզ հաջողվեց ձևավորել կայուն ազգային արժույթ և ֆինանսական համակարգ:

Անցնող տարիներին մենք բախվել ենք բազմապիսի մարտահրավերների, որոնք միմյանցից շատ տարբեր էին՝ համաշխարհային, տարածաշրջանային, ներքին: Տարբեր էր նաև հասարակության և տնտեսվարողների ընկալումներն ու արձագանքը:

Եվ այս տարիների ընթացքում բարդ իրավիճակներում Կենտրոնական բանկը ցուցաբերել է կարգավորման առավելագույն ջանքերը, որոնք շատ հաճախ անտեսանելի են հասարակության համար: Բայց տեսանելի է արդյունքը՝ մակրոտնտեսական կայունությունը և կայուն զարգացող ֆինանսական համակարգը:

Ամփոփելով, ցանկանում եմ արժանին մատուցել մեր ֆինանսական հաստատությունների և Կենտրոնական բանկի աշխատակիցներին՝ ներդրած ջանքերի և պրոֆեսիոնալիզմի համար:

Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հյուրեր:

Շնորհավորում եմ բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող գալիք տարին լինի խաղաղության, սիրո ու ձեռքբերումների տարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս