Ավագանու նիստում 55 հազար դրամի պատճառով տեղի ունեցավ թեժ բանավեճ
Երևանի ավագանու այսօրվա նիստն անցավ թեժ մթնոլորտում, ամեն ինչ սկսվեց Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի երկխոսությունից:
Խոսելով հանրային տրանսպորտի վիճակից, Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ քաղաքապետն ավելի լավ է ազնիվ լինի և ժողովրդին ասի, որ առաջիկայում հուսահատության գազելներից ելք չկա, ինչին ի պատասխան՝ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Դավիթ Խաժակյանը լինելով նախկին ավագանու անդամ, ստացել է 55 հազար դրամ, սակայն ոչինչ չի արել:
Դավիթ Խաժակյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է ամեն ինչ քննարկել և ասել, թե ինչ է արել. «Սա գործելաոճ չէ, դա ի՞նչ ասելու բան է»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը:
Քաղաքապետի և ավագանու անդամի բանավեճն աստիճանաբար թեժացավ, որին միջամտեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը և Դավիթ Խաժակյանին հորդորեց շոու չանել և լրագրողների ներկայությամբ աշխատանքը հայտարարությունների հետ չխառնել: «Բավական է»,- նշեց Ի. Աբգարյանը:
Դավիթ Խաժակյանն էլ հակադարձելով Իզաբելլա Աբգարյանին՝ հարցրեց, թե մա՞րդ է վատացել, ինչին Ի. Աբգարյանը պատասխանեց, թե շատ բան չի ուզում ասել: «Մարդը ձեզ մոտ է վատացել»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամը:
Այնուհետև քաղաքապետն ընդմիջում հայտարարեց, որից հետո շարունակվեց ավագանու նիստը՝ համեմատաբար ավելի հանգիստ մթնոլորտում:
Զվարթ Խաչատրյան