Բաժիններ՝

«Նման անձինք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակման վերաբերյալ.

Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս 2017թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում: Զորակոչի օրը չի ներկայացել զինկոմիսարիատ՝ խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Միևնույն ժամանակ Յու. Բրոյանը, համաձայն չլինելով իր վերաբերյալ կայացված որոշման հետ, բողոքարկել է այն դատական կարգով, ինչը մերժվել է վարչական դատարանի կողմից, քանի որ ԿԲՀ որոշումը եղել է հիմնավոր: 2018թ.-ի ամառային զորակոչի ընթացքում Յու. Բրոյանը, ստուգիչ հետազոտությունից հետո, կրկին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և զորակոչվել ՀՀ ԶՈւ շարքեր: Զինվորական ծառայությանը հենց առաջին օրվանից տրամադրված չի եղել, մի քանի օր անց արդեն կատարել է ինքնավնասում՝ դրանով իսկ արտահայտելով իր դժգոհությունը զորակոչվելու փաստի առթիվ:

Այս փաստով, այսինքն` իր առողջությանը վնաս պատճառելու, անդամախեղման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, 363-րդ հոդվածի առաջին մասով:
Առաջին անգամ շարքային Յու. Բրոյանը գտնվել է ստացիոնար հետազոտման մեջ 04.09.-06.11.2018թթ.՝ կատարած ինքնավնասումների կապակցությամբ: Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկային-լաբորատոր և գործիքային հետազոտությունները, մասնագիտական կոնսուլտացիաներ, վարքի կլինիկական դիտարկում տեսադաշտում և տեսադաշտից դուրս, պահանջվել և ուսումնասիրվել է զինծառայողի անձնական գործը:

29.10.2018թ.-ին Յու. Բրոյանը հոսպիտալային ՌԲՀ-ի կողմից «Թեթև մտավոր հետամնացություն, տարել է հարմարվողականության հակազդում, դիրքորոշված վարքագիծ» ախտորոշմամբ ներկայացվել է ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստին, որի ընթացքում վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերին և օբյեկտիվ զննման տվյալներին համապատասխան տրվել է եզրակացություն՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար՝ համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. 404-Ն որոշման 1Գ, 7Գ հոդվածների 1-ին սյունակի պահանջների: Զինհոսպիտալից դուրս գրվելուց հետո, սակայն, Յու. Բրոյանը զորամաս չի տարվել, քանի որ շարունակել է դրսևորել նույն դիրքորոշված վարքագիծը և սկսել է չխոսել: Անմիջապես հաջորդ օրը՝ 07.11.2018թ.-ին, տեղափոխվել է «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ, որտեղից էլ 16.11.2018թ.-ին կրկին ուղեգրվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք:

ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում բաժնի պետի և բժիշկների համատեղ զննմամբ արձանագրվել է, որ վերջինս ներկա պահին հոգեբուժական բաժանմունքում բուժման և վերափորձաքննության կարիք չունի: Զինծառայողը հետ է ուղարվել զորամաս: Չկարողանալով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ կրկին հոսպիտալացվել, Յու. Բրոյանը զինհոսպիտալում այս անգամ արդեն, որպես բողոքի դրսևորում, հրաժարվում է նաև սնունդ ընդունելուց, ինչը պատճառ է հանդիսանում նրան կրկին ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք ուղեգրելու համար:

22.11.2018թ.-ին զինծառայողը «Հիսթերիկ մուտիզմ» նախնական ախտորոշմամբ նորից բերվել է ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք, որտեղ, հաշվի առնելով բժշկական գրքույկում առկա գրառումը և ներկայացված գանգատները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հնարավոր է զինծառայողի մոտ ընթացիկ սթրեսոգեն գործոնների ազդեցությամբ տեղի ունեցած լինի հոգեվիճակի փոփոխություն, Յու. Բրոյանը ընդունվել է՝ ստացիոնար դիտարկման նպատակով: Դիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ վերջինիս վարքը տեսադաշտում և տեսադաշտից դուրս կրում է խիստ հակասական բնույթ: Այսպես՝ բուժանձնակազմի ներկայությամբ կուչ է գալիս, քայլում է դանդաղ, հարցերին պատասխանում է գլխի և ուսերի շարժումներով, հրաժարվում է սննդից, իսկ տեսդաշտից դուրս հանգիստ է, նորմալ սնվում է, հեռուստացույց դիտում, իսկ տեսակցության ժամանակ ազատ շփվում է հարազատների հետ:

Հարկ է նշել, որ զինծառայողի պահվածքի նման դրսևորման վրա խիստ անմիջական դերակատարություն ունի վերջինիս մայրը, ով գրեթե բոլոր տեսակցությունների ժամանակ բաժանմունքում սպառնալիքներ, զրպարտանքներ, անհիմն, իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ է ներկայացնում բուժող բժշկին և բուժանձնակազմին՝ հայտարարելով, որ ամեն գնով իր որդուն տուն է տանելու: Բացի այդ, բազմաթիվ անգամ դիմում-բողոքներով դիմել է տարբեր գերատեսչությունների, փաստաբանների՝ պահանջելով «անհապաղ վաղաժամկետ զորացրել իր որդուն», ներկայումս էլ հայտարարություն է ներկայացրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն առ այն, որ իր որդուն հոսպիտալում պատշաճ չեն հետազոտել և որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար: Բոլոր բողոքների դեպքում վերադաս ղեկավարության կողմից որևէ մեղադրանք չի հաստատվել: Ծառայությունից ամեն կերպ խուսափող զինծառայողի մոր հաղորդման համաձայն, թե իբր Յուրիկ Վանիկի Բրոյանին հրամանատարներից մեկը ծեծի է ենթարկել, քրեական գործ է հարուցվել:​

Կատարված հետազոտությունների, կլինիկական և հոգեբանական դիտարկումների արդյունքների վերլուծությամբ եզրակացվում է, որ վերջինս ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում չի ցանկանում ծառայել ՀՀ զինված ուժերում: Հատուկ պետք է շեշտել, որ նման անձինք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը»:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակման վերաբերյալ Շարքային…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Dienstag, 25. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս