Ռուսաստանը և Իրանը ռազմական համագործակցության պլան են ստորագրել
Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը: Ինչպես հայտնել է ILNA գործակալությունը, համապատասխան փաստաթուղթն ստորագրվել է ռազմական համագործակցության երկկողմ խմբի երկրորդ նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Թեհրանում։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ փոխծովակալ Իգոր Օսիպովը: Իրանական կողմի ներկայացուցիչը եղել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ միջազգային գործերով տեղակալ Ղադիր Նեզամին: Նաեւ կողմերը քննարկել են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչությանը դիմակայելու գործում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռուսական պատվիրակության Իրան ժամանելու մասին՝ մասնակցելու Ռազմական համագործակցության վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրի իրագործման ռուս-իրանական աշխատանքային խմբի երկրորդ նիստին: Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ ռազմական համագործակցության համաձայնագիրը ձեռք է բերվել 2015 թվականի հունվարին:
Այն ժամանակ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն էին դրել ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ նրա իրանցի պաշտոնակից բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը: Ինչպես այն ժամանակ նշել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը, այդ համաձայնագրով դրվեց «ռազմական բնագավառում փոխգործակցության տեսական հիմքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: