Մասնագետը հորդորում է Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի՝ կարմրուկի դեմ չպատվաստված ուղևորներին դիմել բուժհաստատություն
Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է, վարակված են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում ենք դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601»,- գրել է նա:
Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։
Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:
Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, սա կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է, որն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը, և մի քանի ամիս հետո բերում է հիվանդի մահվան:
Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով: Պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:a