Բաժիններ՝

Գլխավոր դատախազությունը պատասխանել է ՔՈ կուսակցության հարցմամը՝ գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության վերաբերյալ

Ի պատասխան մեր կողմից 13.12.2018թ․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված տեղեկատվություն ստանալու հարցման, 18.12.2018թ․-ին ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ստորագրությամբ գրությունը։

Ըստ այդ գրության կարելի է արձանագրել հետևյալը․

• Սպանությունը տեղի է ունեցել 02.12.2018 թ․-ին։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

• Միայն 10.12.2018 թ․-ին, փորձաքննության եզրակացությամբ են այնպիսի բավարար տվյալներ ի հայտ եկել, որ հնարավոր է հանցանքը կատարած լինի 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ.-ն:

• 11.12.2018 թ․-ին, այդ պահին ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․ Ռ․-ն, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ ձերբակալվել է։

• 12.12.2018 թ.-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա. Ռ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

• ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ռուսական ռազմական բազայում տարածքում ի կատար ածելը ՀՀ գլխավոր դատախազությունը պայմանավորում է ՀՀ և ՌԴ միջև 29.08.1997 թ․-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» (այսուհետ՝ Համաձայնագիր) 8-րդ հոդվածի պահանջներով։

Վերը հիշատակվող Համաձայնագրի 4-րդ հոդվածը կարգավորում է, որ․
«Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Եթե Համաձայնագրի 4-րդ կետի պահանջով գործում է ՀՀ օրենսդրությունը, նշանակում է նաև, որ կիրառվում են ՀՀ քրեական դատավորության օրենսգիրքը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը։

  • ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն․ «Ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
    • «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն․ «Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:

    Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից մեզ ուղարկված գրությամբ հաստատվում է, որ 11.12.2018թ․-ին, այդ պահին ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․Ռ․-ն, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ ձերբակալվել է։ Սրանից բխում է, որ Ա․Ռ.-ն թե՛ որպես ձերբակալված անձ, թե՛ որպես ՀՀ դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ կալանավորված անձ պետք է պահվեր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալվածներին պահելու վայրերում։

ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազան չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմին, նրա տարածքում ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր չկան։

Հետևաբար Ա․Ռ․-ին ձեռբակալելու ՀՀ քննչական կոմիտեի քննիչի որոշումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չի կատարվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը կարգավորվում է նաև Համաձայնագրի 4-րդ հոդվածով։

ՀՀ օրենսդրության վերը նշված պահանջները չկատարելու համար, որպես իրավական հիմնավորում ՀՀ գլխավոր դատախազությունը մատնանշում է Համաձայնագրի 8-րդ հոդվածը, որում ասված է․

«Ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման սահմաններում, Հայաստանի Հանրապետության իրավասությանը վերաբերող գործերով դատավարական, օպերատիվ-հետախուզական, քննչական, կամ այլ գործողությունների կատարման անհրաժեշտության դեպքում նմանօրինակ գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ռուսաստանյան Դաշնության իրավասու մարմինների հետ համատեղ, կամ Ռուսաստանյան Դաշնության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների գրավոր հարցումով, եթե դրանց կատարումը չի հակասում Ռուսաստանյան Դաշնության օրենսդրությանը»։

Սույն հոդվածից բխում է, որ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար ՀՀ իրավասու մարմինները կարող են ընտրել երկու ճանապարհ․
• գործել ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ` կիրառելով ՀՀ օրենսդրությունը
• գրավոր հարցումով դիմել ՌԴ իրավասու մարմիններին, որպեսզի նրանք կատարեն այդ գործողությունները, եթե միջնորդությամբ ակնկալվող գործողությունները կատարելը թույլատրված են նաև ՌԴ օրենսդրությամբ և չեն հակասում դրան։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից մեզ ուղարկված գրության համաձայն 11.12.2018թ․ ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․Ռ․-ին ձերբակալելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի քննիչը գործել է վերոնշյալ կետերից առաջինի տրամաբանությամբ՝ գործել է ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի հետ համատեղ։ ՀՀ իրավասու մարմինները գրավոր միջնորդությամբ չեն դիմել ՌԴ իրավասու մարմիններին նշյալ գործողությունները առանց հայկական կողմի իրականացնելու նպատակով, հետևաբար գործողությունների շրջանակը սահմանափակված չէ ՌԴ օրենդրությամբ ՌԴ իրավասու մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակով։

Տրամաբանական կլինի պնդել, որ քննչական մարմնի կողմից ձերբակալելու և կալանավորման մասին ՀՀ դատարանի որոշումն ի կատար ածելու հետևանքով կասկածյալ Ա․Ռ․-ն պետք է հայտնվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերում, որոնք գործում են ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում և ստեղծված են ՀՀ կառավարության որոշմամբ:

Գործելով Համաձայնագրի 4-րդ հոդվածի և ՀՀ օրենսդրության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Ա․Ռ․-ին ձերբակալելուց հետո ՀՀ իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր էր ապահովել ձերբակալված անձի տեղափոխումը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վայր, ինչը չի կատարվել։ Դատարանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումից հետո կալանավորված անձը պետք է տեղափոխվեր ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վայր ինչը ևս չի կատարվել։

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ։ Դատախազությունը փաստացի առ այս պահը վերը նշված դրվագներով չի կատարում իր լիազորությունները։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը գտնում է, որ վերոնշյալ քրեական գործի հետ կապված գործընթացները ՀՀ օրենսդրությանն ու Համաձայնագրին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործի համակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ է կասկածյալին փոխանցել ՀՀ իրավասու մարմիններին։

Ընդ որում, կարծում ենք, որ դրա համար կարելի է ողջամիտ ժամկետ համարել մեկ շաբաթը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դիմել ՀՀ իրավասու քնչական մարմիններին՝ պարզելու ՀՀ օրենսդրության պահանջները չկատարող պաշտոնատար անձանց շրջանակը և սկսել նրանց պատասխանատվության կանչելու գործընթաց։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս