Ինչո՞ւ չեն պատժվում «պետական դավաճանները»

ՀՀ նոր իշխանություններն այս մի քանի ամիսների ընթացքում տարբեր առիթներով գործածեցին «պետական դավաճանություն» տերմինը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ ԶԼՄ դաշտին մեղադրեց հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ։ «Որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա՝ չմանրամասնելով, թե ինչ  և որ լրատվամիջոցներին նկատի ունի։ Հետևաբար, եթե չկան կոնկրետ անուններ, չի նշվում՝ կոնկրետ ԶԼՄ ո՞ր հրապարակման մասին է խոսքը, այստեղ շատերը խոսքի ազատության սահմանափակման տարրեր են տեսնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ մանրամասնելու կարիք չի տեսնում.

«Եվ կարծում եմ՝ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ էնտեղ ասվում էր, որ էսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա: Եվ կարծում եմ, դուք բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք և կվկայեք»։

Հաջորդիվ, Փաշինյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ապա՝ նաև վերջիններիս հետ իր հեռախոսազրույցի գաղտնալսումը որակեց՝ որպես դավադրություն պետականության նկատմամբ։

Այնուհետև Արցախի և Նախիջևանի վերաբերյալ փաստեր և հայտարարություններ ներկայացնող ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին Փաշինյանը մեղադրեց պետական դավաճանության մեջ։

ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե ինչ է պետական դավաճանությունը.

«Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։

Եթե վարչապետի պաշտոնակատարն անձամբ հայտարարում է, թե հակապետական քայլեր են պետության դեմ, ապա արդյո՞ք այս հայտարարություններին  համապատասխան գործողություններ չպետք է հետևեին, և արդյոք եթե նման մեղադրանքներ են ներկայացվում,  ու պատասխանատվություն կրողներ չկան, չի՞ նսեմացվում պետական դավաճանության հոդվածի նշանակությունը։

Հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ փաստաբան Գևորգ Գյոզալյանից։

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, իր կարծիքն է հայտնում, և սա ավելի շատ պետք է նայենք իրավական դաշտում. եթե անգամ պետական գործիչը նման հայտարարություններ է անում, ապա դրանց պետք է հետևեն իրավասու մարմինների կոնկրետ գործողությունները, և նրանք պետք է պարզեն՝ այդտեղ կա՞ այդ հանցակազմը, թե՞ ոչ։ Ես հակված չեմ, որ ամեն մի քաղաքական գործչի ասածները պետք է նայել միայն իրավական դաշտում։ Քաղաքական գործիչները, որպես կանոն, ազատ են իրենց արտահայտություններում, և դրա հետևանքը լինում է հաջորդ ընտրություններում, երբ անձին կամ ձայն են տալիս, կամ՝ ոչ, որովհետև, եթե նրա ասածները չեն համապատասխանում, և շատ հաճախ՝ չեն համապատասխանում իրականությանը, ապա սրա հետևանքը լինում է այն, որ քաղաքացիները նրան ձայն չեն տալիս»,- ասաց փաստաբանը։

Գևորգ Գյոզալյանի կարծիքով՝ նմանատիպ հայտարարություններով պետական դավաճանության հոդվածը չի նսեմացվում.

«Այստեղ ես չեմ առանձնացնում Նիկոլ Փաշինյանին. հազարավոր քաղաքական գործիչներ ունենք, որոնց խոսքն ու գործը երբեք իրար չեն համապատասխանել։ Մենք այստեղ ունենք իրավական մաս, որի «հսկող շունը» դատախազությունն է, քննչական մարմինները, իրավապահ համակարգը, որոնք շատ ուշադիր հետևում են՝ ով՝ ինչ է ասում, և եթե այդ ասածների մեջ որոշակի ճշմարտության հատիկներ են տեսնում, պարտավոր են համապատասխան վարույթի ընթացքում պարզել՝ արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։

Այսինքն՝ ես այն կարծիքին չեմ, որ քաղաքական գործչի ասածով նսեմացվում է պետական դավաճանության հոդվածը։ Բայց նաև այն կարծիքին եմ, որ, եթե քաղաքական գործիչները նման հայտարարություն են անում, ապա յուրաքանչյուր դեպքում իրավապահ համակարգը պետք է հետևողականորեն պարզի՝ այդտեղ կա՞ այդ հանցակազմը, թե՞ ոչ»։

Փաստաբանը հիշեց տարիներ առաջ Պավել Անդերսոնի հայտարարություններն այն մասին, թե կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին.

«Ես այն ժամանակ էլ ասում էի, որ պետք է նրա ասածների հիման վրա քրեական գործ հարուցել։ Նախ՝ պետք էր պարզել՝ նրա ասածները ճշմարի՞տ են, թե՞ ոչ, եթե ճշմարիտ չէին, ապա սուտ մատնությամբ պետք էր քրեական գործ հարուցել, որովհետև դա հեղինակազրկում էր ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ այս հայտարարությունների նկատմամբ իրավապահ համակարգը պետք է շատ ուշադիր լինի ու համապատասխան ընթացք տա դրանց»։

Գևորգ Գյոզալյանն այս հարցում կարևորում է մամուլի դերը. «Լրագրողները պետք է այդ հարցը բարձրացնեն ցանկացած քաղաքական գործչի հայտարարությունների վերաբերյալ, որ՝ հարգելիս, դու նման բան էիր հայտարարում, ինչո՞ւ դա անհետևանք մնաց։ Այսինքն՝ այս խնդիրը չեմ դիտում իրավական հարթությունում, այս հարցն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, դա ավելի շատ քաղաքական գործչի խնդիրն է»։

Հարցին՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո հայտարարվեց, որ դա դավադրություն է պետականության նկատմամբ, բայց այդպես էլ չպարզվեց՝ ովքեր են այդ դավադիրները, հետևեց ձայնագրությունների երկրորդ մասը,  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ գաղտնալսման պատվիրատուների մոտավոր շրջանակները կան, սակայն չկան փաստական ապացույցներ, այսինքն՝ մի կողմից հայտարարվում է պետականության նկատմամբ դավադրության մասին, մյուս կողմից՝ չենք տեսնում պատժվողներ, նման ծանր հանցագործության բացահայտում. սա ինչի՞ մասին է խոսում, Գևորգ Գյոզալյանն այսպես պատասխանեց.

«Այստեղ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, թեև որոշ ուժեր փորձում են ամեն ինչ շատ պարզ ներկայացնել, որպեսզի հանրությանը մոլորեցնեն։ Սա մանրամասն քննության ենթակա խնդիր է։ Այն կողմը, որին դա ձեռք է տալիս, ներկայացնում է 100 տոկոսանոց փաստ, այդ խոսակցությունները ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է պետք։ Այստեղ միանշանակ պետք է իրավապահ մարմինները մանրամասն քննություն տանեն։ Այստեղ մեծ նշանակություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), որն օրենքով երաշխավորում է դատավորների անկախությունը, բայց նա լռում է։

Այս ամբողջն ուսումնասիրելու արդյունքում նոր կարող ենք այդ ձայնագրությունների հետ կապված հստակ գնահատականներ տալ։ Այն, ինչ շահագրգիռ կողմերը նետել են հրապարակ, ինձ չի բավարարում, որովհետև ես այստեղ օբյեկտիվության տարր չեմ տեսնում. մի կողմը վերմակը քաշում է իր վրա, մյուս կողմը՝ իր, և այդ պրոցեսում չեմ կարողանում հասկանալ, թե օբյեկտիվ մասը որն է։ Ինքնին այդ ձայնագրությունը սարքել հայոց հարց, անկեղծ ասած՝ ճիշտ չեմ համարում։ Գերմանիայի նման երկրում ԱՄՆ հատուկ ծառայությունները լսել էին նրանց կանցլերին, այլ պաշտոնյաների, և աշխարհում այնպես չէ, որ սա նախադեպը չունեցող բան էր։ Ամենազարգացած երկրների ղեկավարներին էլ են լսում, ու դա որևէ հետևանք չի ունենում, բացի քաղաքական հայտարարություններից ու զարգացումներից։ Այսինքն՝ ինքնին ձայնագրության փաստը սարսափելի չեմ համարում, այլ հարց է, որ պետք է գտնեն այդ մարդկանց ու պատժեն։

Ես չեմ կիսում այն գնահատականները, թե այդ գաղտնալսումները պետական դավաճանություն են, գաղտնալսողներին պետք է պետական դավաճանության հոդվածով դատել։ Այստեղ պետական դավաճանության հատկանիշներ չկան։ Թեև չեմ բացառում, որ կլինեն իրավաբաններ, որ հակառակը կպնդեն։ Բայց պետք է խորամուխ լինեն և գտնեն մեղավորներին, դա նաև նրանց հեղինակության խնդիրն է»։

Տեսանյութեր

Լրահոս