Բաժիններ՝

Տեղական տուրքերի բարձրացումը կազդի ապրանքների գների վրա

Երևանու ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց Երևան համայնքում  տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը:

Ըստ նախագծի, Երևան համայնքում բարձրանում է տարբեր ծառայությունների մատուցման տեղական տուրքերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք, ըստ Երևանի քաղաքապետի, տարեկան ունեն 58,3 մլն դրամ շրջանառություն: Այս հարցը քննարկելու համար Հայկ Մարությանն առաջարկեց հունվարի 15-ին հրավիրել ավագանու արտահերթ նիստ:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը քաղաքապետից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է ընտրել այն կազմակերպություններին, որոնք ունեն 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն:

Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ 58,3 մլն դրամը շրջանառության հարկի շեմն է, և տվյալ կազմակերպություններին ընտրել են հենց այդ տրամաբանությամբ:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ հիշեցրեց, որ նախկինում, երբ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պետությունն ընդունում էր որոշումներ և նախագծեր, մեծմասնությամբ նրանց կարծիքը հաշվի չէր առնում, արդյոք այս անգամ հաշվի առե՞լ են նրանց կարծիքը:

Ըստ Հայկ Մարությանի՝ հարցը եղել է հանրային քննարկման, տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի հետ հանդիպումներ եղել են:

Անդրադառնալով այն հարցին, թե տեղական տուրքերի բարձրացման հետևանքով ի՞նչ թանկացումներ են սպասվում, մասնավորապես՝ վառելիքի հետ կապված, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման պետ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ վառելիքի հետ կապված կոնկրետ հաշվարկներ կան:

«Մեր կողմից վերցրել ենք ամսական մինչև 500 լիտր բենզին վաճառող բենզալցակայանի հաշվարկը՝տարվա կտրվածքով 1 լիտր բենզինի ներկայիս գնի վրա կավելանա 1-1,35  դրամ, որը, կարծում եմ, էական փոփոխություն չէ տնտեսվարողի և սպառողի համար»,- շեշտեց Արմեն Հարությունյանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի խոսքով էլ՝ տեղական տուրքերի դրույքաչափերը բարձրացնելով՝ բիզնեսը չի զարգանա, հակառակը՝ ամեն տարի տուրքերի բարձրացումը կբերի նրան, որ շատ գործարարներ պարզապես կդադարեն բիզնեսով զբաղվել:

«Ժողովուրդ, եկեք սթափվենք և տեղական տուրքերի չափերը թողնենք այնպես, ինչպես եղել է, մինչև ԱԺ-ում կլինի համապատասխան փոփոխություն, այնուհետև կորոշենք մեր հետագա քայլերը; Թե չէ այսպես՝ գանձելով ու գանձելով, մենք գործարարին չենք տանելու դեպի զարգացում»,- նշեց Մ. Մանրիկյանը:

Նշենք, որ ավագանու ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները դեմ արտահայտվեցին տեղական տուրքերը բարձրացնելուն:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս