Բաժիններ՝

Սիցիլիայում կրկին արթնացել է էտնա հրաբուխը

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են էտնա հրաբուխի ակտվության ուժեղացում, որն արթնացել է դեկտեմբերի 24-ին։

Սեյսմոլոգներն 150-ից ավելի ստորգետնյա ցնցումներ են գրանցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում գտնվող նշանավոր հրաբխի գոտում: Դրանցից ամենաուժեղը՝ 4,0 մագնիտուդով, տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին ժամը 20:26-ին (Երեւանի ժամանակով 22:26-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 2 կիլոմետր խորության վրա, Ռագալնա կոմունայից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորությամբ:

Ինչպես հայտնում են հրաբխագետները, հրաբխի հարավարեւելյան լանջին գոյացել է նոր ճեղք, որից մոխրի սեւ ամպ է բարձրացել: Դրա պատճառով իշխանությունները մի քանի ժամով դադարեցրել են Ֆոնտանարոսի միջազգային օդանավակայանի աշխատանքը եւ գնացքների երթեւեկությունը՝ Մեսինա-Կատանիա-Սիրակուզա երթուղով:

Բացի այդ, հրաբխային մոխիրը ծածկել է Կատանիայի բազմաթիվ քաղաքներ եւ գյուղեր, կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այնտեղ օպերատիվ կերպով մաքրում են փողոցներն ու հրապարակները: Փորձագետների կարծիքով, անհանգստանալու պատճառներ չկան, քանի որ այդ ժայթքումը սպառնալիք չի ներկայացնում ո՛չ մարդկանց, ո՛չ նյութական օբյեկտների համար:

Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է, 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման պատճառով Սիցիլիայում տուժել է տասը մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս