Մշակույթի նախարարությունը երկարաձգել է դրամաշնորհային ծրագրերի մրցույթի ժամկետը
ՀՀ մշակույթի նախարարությունը պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման նպատակով որոշում է կայացրել պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը հաստատել մրցութային կարգով:
Ըստ մշակույթի նախարարության տարածած հայտարարության՝ հայտերի ընդունման ժամկետը լրացել է դեկտեմբերի 24-ին, սակայն նախարարությունն այն երկարաձգել է երկու օրով:
Մրցույթի անցկացման կարգի, ոլորտների, անվանակարգերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ:
«Մենք անընդհատ ասում էինք, որ նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին անցնում ենք մրցութային համակարգի, հետևեք ՀՀ մշակույթի նախարարության էջին և կտեղեկանաք մանրամասներին, բայց իրադարձություններն այս ամիսներին հագեցած էին, և, կարծում եմ, կարիք կա ևս մեկ անգամ հրապարակավ հիշեցնել մրցույթի մասին: Դեկտեմբերի 24-ը հայտերի ընդունման վերջին օրն էր, բայց մենք որոշեցինք ևս երկու օր երկարաձգել հայտերի ընդունումը. գուցե շատերը չեն իմացել և դեռ դիմում ներկայացնեն: Այսպիսով՝ հայտերի ընդունման առաջին փուլի վերջնաժամկետը դեկտեմբերի 26-ն է»,-նշեց Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ մրցույթի ոլորտային շրջանակը բազմազան է: Այն ներառում է և՛ տեսա ու մեդիա արվեստները, և՛ կատարողական արվեստները՝ թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, և՛գրականությունը, և՛ ժողովրդական արվեստները և այլն:
«Չպետք է շփոթել ոլորտները ծրագրերի անվանակարգերի հետ, որովհետև գուցե մի ոլորտում բացվի երկու ծրագիր: Մենք փորձել ենք թիրախավորել ու ուղղորդել մեր մրցութային համակարգն ըստ մեր ռազմավարական առաջնահերթությունների ու վարած քաղաքականության»,-ասաց փոխնախարարը և ընդգծեց, որ յուրաքանչյուր անվանակարգի համար գործելու է առանձին հանձնաժողով: «Մրցութային համակարգը կարևոր է նրանով, որ հանձնաժողովներում նախարարությունից ընդգրկված է մեկ կամ երկու ներկայացուցիչ, մնացածը՝ ոլորտի լավագույն մասնագետներն են: Ընդգծեմ, որ նրանք ժամանակ առ ժամանակ փոխվելու են: Դա արվում է այն նպատակով, որ ռիսկերը նվազեն, և հնարավորինս շատ մարդ ընդգրկվի մրցույթը դատելու, գնահատելու գործընթացում»,-ասաց նա և ներկայացրեց անվանակարգերը, որոնք են՝ տեսարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ, որն ընդգրկում է դիզայնը, լուսանկարչությունը, վիդեոարվեստը և այլն, երաժշտարվեստի և պարարվեստի, կինոարվեստի և թատերարվեստի, մշակութային կրթության և մանկապատանեկան, մարզային մշակութային, ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի, պատմամշակութային անշարժ և շարժական ոլորտի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ:
Գնահատման չափանիշները հստակ գրված են նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Նախագծերը կարող են լինել կարճաժամկետ, կարող են լինել երկարաժամկետ, նաև՝ հեռահար: Մենք դիմողներին պատասխան պետք է տանք մինչև հունվարի 25-ը: Կարծում եմ՝ հետաքրքիր ծրագրեր կներկայացվեն, նոր ուժեր կգան դաշտ, նոր նախագծեր, նոր մտքեր ի հայտ կգան, և լիահույս եմ, որ հաջորդ տարի մեր մշակութային դաշտում որակական փոփոխություններ կլինեն»,-եզրափակեց Նազենի Ղարիբյանը:
Անժելա Համբարձումյան