Կրկին վառել են ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղևնու լուսաշղթաները
ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնին, որն առանց հրավառության էր մնացել անհայտ անձի գրոհի եւ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, դեկտեմբերի 24-ին վերստին լուսավորվել է ու բացվել այցելուների համար: Դա տեղի է ունեցել «Այգիների ազգային հիմնադրամ» մասնավոր բարեգործական ֆոնդի միջամտության շնորհիվ, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերել երկրի գլխավոր սուրբծննդյան եղեւնու վերաբացմանը:
Դեկտեմբերի 21-ին NBC հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր, որ անհայտ անձը բարձրացել է ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնու վրա, որը կանգնած է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող զբոսայգում: Իրավապահների տվյալներով՝ տղամարդը եղել է հուզական ցնցման վիճակում: Միջադեպի հետեւանքով վնասվել են եղեւնու մի քանի լույսեր:
Նշվել է, որ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ընթացքում Սպիտակ տան այցելուների համար կենտրոնը եւ սուրբծննդյան տոնածառի հարթակը փակ կլինեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: