Տարօրինակ թուրքական լուրեր՝ տոնական օրերին ընթերցողներին զվարճացնելու համար
Այս տարվա ընթացքում ես հավաքել եմ արտառոց ուղերձների կամ կանոնների տարբեր օրինակներ, որոնք պարտադրվում են թուրքական հասարակությանը։ Բնականաբար, միլիոնավոր ազատամիտ և քաղաքակիրթ թուրքեր դժգոհ են այս ժամանակավրեպ կանոններից, սակայն քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, նման խիստ միջոցները շարունակելու են պարտադրվել բոլոր թուրք քաղաքացիներին… Ահա մի քանի օրինակ.
– «Ալ Մոնիտոր»-ի թղթակից Փինար Թրեմբլեյը հաղորդել է, որ «Դիյանեթը»՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության կայքը, հայտարարել է, որ «հիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի հայտնի խոսքերը՝ մահմեդականներին խորհուրդ է տրվում ուտել և խմել աջ ձեռքով և նույնը սովորեցնել իրենց երեխաներին, քանի որ «սատանան ուտում է ձախ ձեռքով»: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ձախլիկ են կամ աջ ձեռք չունեն, հետաքրքրվում են թուրքական հասարակության բազմաթիվ անդամներ։
– Հայտնի իսլամական իմամ Իհսան Սենոքըկն այս տարվա փետրվարին ազատվել է «Դիյանեթ»-ից, իր վիճահարույց հայտարարությունից հետո, որ տաբատ հագնող կանայք մեղավոր են՝ կանխորոշված դժոխքի համար։ Սենոքըկը նաև հայտարարել է, որ մարդը չպետք է համբուրի իր երիտասարդ զոքանչին, քանի որ այն կարող է հանգեցնել գայթակղության…
– Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազայի հարևանությամբ բնակվող Մահմուդ Աքարը ասել է «Սպուտնիկ» լրատվականին, որ այնտեղ տեղակայված ամերիկացի զինվորները գնում են թուրք երեխաներին, որոնց հետագայում տեղափոխում են Միացյալ Նահանգներ՝ նրանց կրոնափոխ անելու և քրիստոնյա դարձնելու համար։
– Ստամբուլի համալսարանի թուրք դասախոս Յավուզ Օրնեքը հունվարի 6-ին թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Նոյը ջրհեղեղից առաջ իր որդու հետ շփվելէ բջջային հեռախոսով։ Օրնեքը նաև հայտարարել է, որ Նոյն իր տապանը կառուցել է պողպատե սալիկներով, և այն աշխատել է միջուկային էներգիայով… «Ես գիտնական եմ և խոսում եմ գիտական տեսանկյունից», պնդել է տգետ Օրնեքը։
– Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը հայտարարել է, որ աղջիկները ինը տարեկանում, իսկ տղաները 12 տարեկանում կարող են ամուսնանալ…
– «Դիյանեթը» նաև արձակել է մի քանի ֆեթվաներ (կրոնական հրովարտակներ), հայտարարելով, որ «Բիթքոիններն անընդունելի են այս պահին»։ Երկրորդը հայտարարել է, որ տղամարդկանց մազերի սև ներկումը պատշաճ չէ՝ ըստ իսլամի: Երրորդն արգելել է վիճակախաղի տոմսեր ձեռք բերել կամ աշխատել այնտեղ, որտեղ ալկոհոլ է վաճառվում։ Չորրորդն արգելել է լսել «անբարո երաժշտություն»։ Սակայն ամենավիճահարույց ֆեթվան այն էր, որ տղամարդը կարող է ամուսնալուծվել կնոջ հետ հեռախոսով, էլեկտրոնային փոստով, տեքստային հաղորդագրությամբ կամ նամակով։ Ամուսնալուծությունը հայտարարելու նման միջոցը նույնն է, ինչ ամուսնու երեսին ասելը։ Միակ բանը՝ կինը պետք է համոզված լինի, որ տեքստային հաղորդագրությունը կամ էլեկտրոնային փոստը ուղարկված է ամուսնու կողմից:
– «Նյուզուիք» հանդեսը մեջբերել է մի թուրք իսլամական քարոզչի, որը հայտարարել էր Fatih Medreseleri կրոնական հեռուստաալիքով, թե առանց մորուքի տղամարդիկ «չեն կարող տարբերվել կանանցից» և կարող են այլ մարդկանց կողմից «անպարկեշտ մտքեր» առաջացնել։ «Տղամարդիկ պետք է մորուք աճեցնեն։ Մորուքը մարդու մարմնի երկու մասերից մեկն է, որով տղամարդը տարբերվում է կնոջից», հայտարարել է Մուրատ Բայարալը։ «Եթե հեռվում երկար մազերով մարդ եք տեսնում, կարող եք մտածել, որ նա կին է, եթե նա մորուք չունի, որովհետև այսօր կանայք և տղամարդիկ միանման են հագնվում։ Աստված չանի… Դուք կարող եք անպարկեշտ մտքեր ունենալ, բացատրել է նա, արտահայտելով այն վախը, որ տղամարդիկ կարող են նույն սեռի անձանց նայել սեռական հետաքրքրությամբ:
– Ինչպես նշել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենտ Արինջը հայտարարել է, որ «կանայք չպետք է բարձրաձայն ծիծաղեն հասարակության մեջ»:
Ըստ «Նյուզուիք»-ի, վերոհիշյալ ուղերձները ցույց են տալիս, որ նախագահ Էրդողանը փորձում է Թուրքիան տանել «կրոնական ուղիով՝ իսլամական ազգայնականության նոր տարբերակով։ 1923 թվականին, ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից ի վեր, «աշխարհիկություն» բառը ամրագրվել է Թուրքիայի սահմանադրության մեջ: Սակայն Էրդողանն ավելի շատ խորհուրդ է տալիս, որ կրոնը հասարակական կյանքի մաս դառնա: Անցյալ տարի էվոլյուցիայի դասերը հանվել են հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից, և կառավարությունը թույլ է տվել աղջիկներին դպրոցում գլխաշոր կրել, ինչն արգելված էր անցյալում»:
«Նյուզուիք»-ի թղթակից Քրիստինա Մազան եզրակացրել է. «Այսօր Թուրքիայի ղեկավարությունը կանգնած է որոշում կայացնելու շատ բարդ խնդրի առջև՝ թե ինչպես կառավարել իր հասարակության կրոնական և աշխարհիկ ասպեկտները միաժամանակ։ «Մահմեդական աշխարհում հավատացյալները վերահաստատվել են մի շարք տարամետ հոսանքներով։ Սա անխուսափելիորեն խթանել է մահմեդականների զանգվածներին Թուրքիայում», ասել է աշխարհաքաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը՝ Real Clear World-ի համար գրված ապրիլյան խմբագրականում։ «Աշխարհիկ, եվրոպական մշակույթը, որը գերակշռում էր երկրում, հակադրվում է կրոնական հզոր պահանջներին։ Քաղաքական և սոցիալական հիմնական հարցն այն է, թե ինչպես ստեղծել միասնական պետություն՝ կառուցված երկու տարբեր մշակույթների վրա»:
Հուսով ենք, որ նախագահ Էրդողանն ու նրա հետամնաց իմամները 2019 թ. նոր տարօրինակ հրովարտակներ կարձակեն՝ Թուրքիան վերադարձնելով Քարի դար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի