Հարուստներն 8 տարով ավելի երկար են ապրում աղքատներից
Լուվենի կաթոլիկական համալսարանի (Բելգիա) գիտնականներն ուսումնասիրել են «մահվան նկատմամբ բելգիացիների հավասարության կամ անհավասարության» հարցը: Այդ մասին Սուրբծննդյան տոնի նախօրյակին հայտնել է Soir թերթը:
Նրանց հետազոտությունների տվյալների համաձայն, ունեւոր դասերի եւ չունեւոր բնակչության առողջական վիճակի տարբերությունները պերճախոս կերպով վկայում են այն հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է լինել հարուստ եւ առողջ». աղքատների կյանքի սպասվող տեւողությունը 6,6 տարով կարճ է կանանց եւ 9,1 տարով՝ տղամարդկանց վերաբերմամբ:
Համեմատելով բոլոր բելգիացիների անձնական տվյալները, որոնք 1991-ից մինչեւ 2016 թվականները մտցված են բնակչության ազգային գրանցամատյանում, ուսումնասիրելով 1991, 2001 եւ 2011 թվականների մարդահամարի արդյունքները եւ մահվան վկայականների արխիվը, հետազոտողներն «շշմեցուցիչ տարբերություններ են արձանագրել սոցիալական խմբերի միջեւ», գրում է հրատարակությունը:
Այլ խոսքով, պարզաբանում է Soir-ը, մարդիկ, որոնք ավելի լավ սոցիալ-տնտեսական դիրք են գրավում, ստացել են ավելի բարձր մակարդակի կրթություն եւ ունեն ավելի որակյալ կացարան, զգալիորեն ավելի երկար են ապրում, երբեմն՝ մեկ տասնամյակով, քան նրանք, ովքեր գտնվում են սոցիալական սանդղակի մյուս ծայրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: