Բաժիններ՝

ԱՄՆ-ում զինվորականները չեն դադարի հայտնել Սանտայի տեղափոխությունների մասին, չնայած կառավարության աշխատանքի դադարեցմանը

Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի չընդունված նախագծի պատճառով կառավարական հաստատությունները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում երեխաներն, այնուամենայնիվ, կկարողանան Կոլորադոյի ռազմաբազայից տեղեկատվություն ստանալ Սուրբծննդյան գիշերը Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական թերթը:

Ամերիկացի զինվորականները հավաստել են, որ 1,5 հազար կամավորներ կօգնեն պահպանել 1955 թվականից հաստատված ավանդույթը, որին համապատասխան Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը երեխաներին տեղեկատվություն է տրամադրում Սուրբծննդյան նախօրյակին՝ դեկտեմբերի 24-ին, Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ:

Զինծառայողները եւ կամավորները դեկտեմբերի 24-ի երեկոյան կհավաքվեն Կոլորադոյի Փիթերսոն ռազմաօդային բազայում, որպեսզի պատասխանեն զանգերին: «Մենք օգտագործում ենք ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք տեղադրված են ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ արբանյակներից ստացվող ինֆրակարմիր պատկերները, բացի այդ, մեզ մոտ խցիկներ են տեղադրված ամբողջ աշխարհում Սանտային հետեւելու համար: Մենք նաեւ կործանիչներ ենք օգտագործում Սանտային ուղեկցելու համար»,-պատմել է մայոր Թոդ Ուոլթերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս