
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը պաշտոնապես հասանելի կլինի միայն հունվարին

Այսօր ԶԼՄ-ներում շրջանառվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի բովանդակությունը։ Սակայն նախագիծը մինչ օրս որևէ ձևով որևէ տեղ պաշտոնապես չի հրապարակվել։ Նյութի սկզբնաղբյուրն ընդամենը ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանի հրապարակումն է Ֆեյսբուքում։ Անկախ նրանից, թե այն որքանով է ճշմարտացի, միևնույն է՝ այն չի կարող պաշտոնական համարվել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նախագիծը պաշտոնապես դեռևս չի հրապարակվել։
«Կա աշխատանքային, դեռևս հրապարակման ոչ ենթակա տարբերակ, որ դրվել է ներքին շրջանառության մեջ, և բոլոր գերատեսչություններն ու նախարարությունները պետք է ներկայացնեն լրամշակումներ և առաջարկներ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ չի կարդացել Արփինե Հովհաննիսյանի հրապարակումը։
Ա.Եղոյանը նկատեց, որ այդ ներքին շրջանառությունում գտնվող նախագիծը, բնականաբար, կարող է ենթարկվել փոփոխությունների։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման կդրվի, ըստ ամենայնի, 2019-ի հունվարի սկզբներին։