«Արցախը պետք է միանա Հայաստանին». «Ազգային օրակարգ» կուսակցության տեսլականը՝ Արցախյան հիմնախնդրի մասին
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նոր կուսակցություն հիմնելու պատճառներն ու իրենց տեսլականը:
168.am-ը հետաքրքրվեց, թե Հայաստանի անվտանգության հետ կապված՝ ինչ խնդիրներ են տեսնում, անվտանգության ոլորտում ի՞նչ է առաջարկում նորաստեղծ կուսակցությունը, Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում:
Ի պատասխան՝ կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանն ասաց, որ կուսակցության հռչակագրում անվտանգության հատվածն ամենաընդարձակն է. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, և անվտանգությունն այս տարածաշրջանում գտնվող ցանկացած սուբյեկտի համար առաջին խնդիրն է, որովհետև հենց անվտանգության կոնտուրը խախտվում է, երկիրը հայտնվում է քաոսի վիճակում։
Սիրիայի դեպքում երկրում մոտ 7 տարի քաղաքացիական պատերազմ է ընթանում՝ աշխարհի բոլոր ուժային կենտրոնների ներգրավմամբ։ Հիմա մեզ համար կարևոր է, որ մեր երկրի հետ երբևէ նման բան տեղի չունենա, որ մենք աշխարհաքաղաքական տարբեր ուժերի համար փորձադաշտ չդառնանք, ինչպիսին դարձել է Սիրիան։ Դրա համար մեզ համար կարևոր է, որ երկրի անվտանգության վրա դնենք առավելագույն ջանքեր։ Ընդ որում՝ ոչ միայն քանակական, այլև որակական առումով։ Պատահական չէ, որ զբաղվել ենք անվտանգությամբ. Անվտանգությունը բարդ խնդիրների համակցություն է և որոշակի պրոֆեսիոնալ կարողություններ ու տաղանդ է պահանջում, որպեսզի անվտանգության խնդիրները լուծվեն ժամանակակից մակարդակով»։
Ա. Չալաբյանն ասաց, որ որպես քաղաքական ուժ՝ կենտրոնացած են լինելու անվտանգության հարցերի վրա՝ դա համարելով առաջնային։
«Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն մեր անվտանգության կարևորագույն հիմնաքարն է, մեր անվտանգության սահմանագիծն անցնում է Արցախով։ Մեզ համար այդ իմաստով կարևոր է, որ Արցախի դեպքում կարողանանք պահպանել մեր նվաճումները, ամրագրել մեր հաղթանակները, որպեսզի մեր անվտանգության մակարդակը բարձրացնենք այնքան, որպեսզի երբևէ որևէ զիջում, որը կարող է դույզն-ինչ վտանգել հավաքական Հայաստանի անվտանգությունը, տեղի չունենա։ Մեր կուսակցության համար դա լինելու է կենտրոնական խնդիր»։
Նորաստեղծ կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանն էլ հավելեց, որ Արցախի հարցի լուծումը տեսնում են բացառապես մեկ ճանապարհով. «Դա Արցախի միացումն է Հայաստանին։ Պետք է արձանագրել, որ իրավիճակ է փոխվել` բոլոր իմաստներով, այդ իրավիճակը բերում է նոր հնարավորություններ: Պետք է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորումը, պետք է զերծ մնանք պարտվողական մադրիդյան սկզբունքների մոտեցումից, ձևաչափը պետք է շարունակվի ՄԽ շրջանակներում, բայց հստակ ձևակերպված նոր օրակարգով։ Երբ խոսում ենք զիջումից ու փոխզիջումից, պետք է հստակ ձևակերպված, հայկական շահը հաշվի առնող դիրքորոշում ունենանք բանակցային դաշտում: Պետք է բանակցել բանակցային նոր օրակարգի մասին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում