Ինչու են կանայք տղամարդկանցից ավելի երկար ապրում
Կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում գենի լրացուցիչ պատճենի առկայության պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի ծագումնաբանները:
Գիտնականները ելակետ են ընդունել այն ենթադրությունը, թե արական Y-քրոմոսոմը չի պարունակում կրիտիկականորեն կարեւոր որեւիցե տվյալներ, ուստիեւ այն կարելի է հեռացնել համագենից՝ տեղափոխելով շղթայի սոսկ որոշ մասերը, որոնք պատասխանատու են սաղմի զարգացման համար: Մինչդեռ իգական X-քրոմոսոմն, ընդհակառակը, անբաժանելի է ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու օրգանիզմի համար: Հետագայում հետազոտողներն աճեցրել են կրծողների արուների եւ էգերի չոս խմբեր՝ քրոմոսոմների «ոչ ճիշտ» լրակազմով՝ արուների՝ XX-քրոմոսոմներով եւ էգերի՝ XY-լրակազմով:
Պարզվել է, որ կյանքի տեւողության վրա ավելի շատ ազդել է քրոմոսոմների լրակազմը, այլ ոչ թե կենդանու սեռը: Ըստ որում «ավելորդ» X-քրոմոսոմը մահվանից էգերին ավելի ուժեղ է պաշտպանել, քան արուներին: Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակված են Aging Cell հանդեսում, ակնառու կերպով ցուցադրում են, որ կանանց երկարակեցությունը բացատրվում է ոչ միայն սեռերի միջեւ սոցիալական եւ վարքային տարբերություններով, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, այլեւ ծագումնաբանական գործոններով, որոնց բնույթը տակավին պետք է ուսումնասիրել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 68 տարի, իսկ կանանցը՝ 73 տարի: