
Հպարտ եմ Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը լինել. Ֆերդինանդ Կարապետյան

Ձյուդոի Եվրոպայի չեմպիոն Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Ֆերդինանդ Կարապետյանի կարծիքով լավագույնների մեջ հայտնվելն աշխատանքի գնահատակ է:
«Ես իսկապես շատ ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում: Սա մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է: 2018 տարին իսկապես հաջող ստացվեց մեզ համար: Հպարտ եմ Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը լինել: 10 մարզիկներն էլ ուժեղագույններից են աշխարհում, սակայն մեծ զարմանք ապրեցի, երբ 10 մեջ չտեսա ըմբիշ Արթուր Շահինյանին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Եվրոպայի չեմպիոնի համար այժմ առաջնայինը Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է:
«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:
Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում են մտել Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20):
Վարվառա Հայրապետյան